16:20  ,  12 ապրիլի, 2019

ԵԱ․ Լիանա Գյուրջյանը չորրորդն է (ֆոտո)

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը մրցահարթակ դուրս եկան 81 կգ քաշային կանայք։ Հայաստանը ներկայացրեց Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում հավաքեց 217 կգ եւ գրավեց չորրորդ տեղը։

Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ՝  120 կգ։ Պոկում վարժությունում Գյուրջյանը 97 կգ-ով չորրորդն էր։

Չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին՝ 223 կգ։

17-ամյա Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով:

2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականի Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականը Լիանա Գյուրջյանը հաջող է մեկնարկել. մարտին Լաս Վեգասում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Ապրիլի 12-ին Հայաստանը կունենա եւս մեկ մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյան։

Տաթեւ Հակոբյանը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտի արդյունք), 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա 0  է ստացել:

Բաթումիում Տաթեւ Հակոբյանը հայտավորվել է 240 կգ-ով: Այս նույն հայտով են ներկայացել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչներ Դիանա Մստիեւան ու Կսենիա Պասխինան:

Կանանց 87 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի 17:50-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի առաջին ոսկե մեդալն է նվաճել Հակոբ Մկրտչյանը, նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը 59 կգ քաշայինների պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը  9-րդն էր 73 կգ քաշայինների պայքարում, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 8-րդը՝ 81 կգ քաշայիններում: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգի պայքարում զրկվել էր ԵԱ-ին մասնակցելու իրավունքից անձնական քաշի ավել լինելու պատճառով:

Հայաստանի հավաքականի կազմում ապրիլի 13-ին ԵԱ-ի մրցահարթակ դուրս կգա եւս 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը  (+109 կգ):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում