11:25  ,  12 ապրիլի, 2019

ԵԱ․ Մրցահարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանն ու Տաթեւ Հակոբյանը

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը՝ ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը եւ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:

17-ամյա Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով:

2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականի Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականը Լիանա Գյուրջյանը հաջող է մեկնարկել. մարտին Լաս Վեգասում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Լիանա Գյուրջյանի նախական հայտը երկամարտում 220 կգ է: Պայքարում կլինեն 6 ծանրորդուհի, որոնցից 4-ը հայտավորված է 220 կգ-ով: Միայն 225 կգ հայտավորված է Բելառուսի ներաժկայացուցիչ Աննա Վանբելինդենը:

81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին:

Տաթեւ Հակոբյանը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտի արդյունք), 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա 0  է ստացել:

Բաթումիում Տաթեւ Հակոբյանը հայտավորվել է 240 կգ-ով: Այս նույն հայտով են ներկայացել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչներ Դիանա Մստիեւան ու Կսենիա Պասխինան:

Կանանց 87 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի 17:50-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի առաջին ոսկե մեդալն է նվաճել Հակոբ Մկրտչյանը, նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը 59 կգ քաշայինների պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը  9-րդն էր 73 կգ քաշայինների պայքարում, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 8-րդը՝ 81 կգ քաշայիններում: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգի պայքարում զրկվել էր ԵԱ-ին մասնակցելու իրավունքից անձնական քաշի ավել լինելու պատճառով:

Հայաստանի հավաքականի կազմում ապրիլի 13-ին ԵԱ-ի մրցահարթակ դուրս կգա եւս 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը  (+109 կգ):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում