20:34  ,  11 ապրիլի, 2019

Դավիթ Հովհաննիսյան․ Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ մեդալ նվաճեցի

Երբ արդեն հասակացա, որ կարող եմ մեդալ նվաճել, ամեն ինչ օգտագործեցի, որ հասնեմ դրան: Այս մասին Բաթումիում ասաց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը:

«Շատ դժվար էր Եվրոպայի առաջնությունում մեդալի համար պայքարելը: Երբ արդեն գիտեի, որ հնարավորությունը կա, մեդալի պայքարը կա, ամեն ինչ օգտագործեցի, որ հասնեմ դրան: Չեմ կարող բացատրել, թե ինչպես ինձ հաջողվեց մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ մեդալ նվաճեցի. շատ ուրախ եմ: Նոր եմ բարձրացրել քաշս, առաջիկայում երեւի կմտածեմ այն փոխել օլիմպիական, բայց դեռ ժամանակ կա դրա համար: Հավատում էի, որ ամեն ինչ հաջող է ստացվելու: Առանց հավատի ոչ մի մրցման չեմ գնում: Այդպես էլ այստեղ էր»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում հավաքեց 360 կգ։  Պոկում վարժությունում նա 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում ցույց տվեց 195 կգ։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English