16:11  ,  11 ապրիլի, 2019

Բաթումի․ Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի մարզումը (ֆոտո)

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականների անդամները Բաթումիի Սպորտի մարզապալատում ամենօրյա առավոտյան մարզումներ են անցկացնում, բացի այդ օրը մրցահարթակ դուրս եկող ծանրորդներից:

NEWS.am Sport-ը հետեւել է Եվրոպայի առաջնության 6-րդ մրցումային օրվա մարզումներին: Հայաստանի թիմը մարզումներ էր անցկացնում ոչ լիարժեք թիմով. մարզմանը մասնակցում էին օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

Ի դեպ, Գոռ Մինասյանը ԵԱ-ից առաջ ուսումնամարզական հավաքներից մեկում ոստքի վնասվածք էր ստացել: Ըստ Փաշիկ Ալավերդյանի, Գոռ Մինասյանին վնասվածքը չի խանգարի, սակայն օլիմպիական փոխչեմպիոնը վիրակապով է մասնակցում մարզումներին: Ձեռքի վնասվածք ունի Սիմոն Մարտիրոսյանը:

Աշխարհի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վնասվածքը ստացել է Հայաստանի առաջնության ընթացքում, բայց մրցման ժամանակ չի խանգարի:

Ապրիլի 11-ին պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշային կարգի Ա խմբի մասնակցիները, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյանը: Հակոբ Մկրտչյանը ֆավորիտներից է: Հայաստանի հավաքականի կազմում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես կգան նաեւ 81 կգ Լիաննա Գյուրջյանն ու 87 կգ Տաթեւ Հակոբյանը (ապրիլի 12), +87 կգ Արփինե Դալալյանը, 102 կգ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը, +109 կգ Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյան (ապրիլի 13):

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 13-ին:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում