14:23  ,  11 ապրիլի, 2019

ԵԱ․ Մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 6-րդ մրցումային օրը մրցահարթակ դուրս կգան տղամարդկանց Հայաստանի հավաքականի 2 ներկայացուցիչներ՝ 89 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Հակոբ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում Մկրտչյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:

Այս Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը ֆավորիտներից մեկն է: Նա հայտագրել է երկամարտի 370 կգ: Այս քաշով հայտավորվել է նաեւ ալբանացի Կրենար Շորաժը:

Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանի հետ պայքարի մեջ է մտնելու նաեւ Դավիթ Հովհաննիսյանը:

22-ամյա ծանրորդը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Իսրայելում կայացած Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Հովհաննիսյանը 326 կգ երկամարտի արդյունք է ցույց տվել: Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում նախնական հայտավորված է 360 կգ-ով:

89 կգ քաշայինների պայքարը մեկնարկելու է ժամը 18:00-ին:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում