01:20  +04,  11 ապրիլի, 2019

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան․ Սա իմ մեծ ցանկությունն էր

Ես ուզում էի կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ մեծահասակների Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում, որպեսզի ամբողջ աշխարհը տեսներ՝ Հայաստանը Եվրոպայի չեմպիոն ունի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուխարեստից ասաց ազատ ոճի ընբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Արսեն Հարությունյանը:

Արսեն NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպե՞ս քեզ հաջողվեց հասնել այսպիսի հաջողության,  6 տարի Եվրոպայի ոսկե մեդալ չէր ունեցել Հայաստանը ազատ ոճում:

Շատ էի ուզում մասնակցել մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ հավատում էի, որ հաղթելու եմ: Մասնակցելու հնարավորություն ստացա հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանից, մարզիչներս էլ որոշեցին եւ թույլ տվեցին, որ մասնակցեմ: Վստահ էի, որ հաղթելու եմ: Ապացուցելու բան ունեի: Իմ մարզիչները մեծ աշխատանք էին կատարել այս տարիների ընթացքում, տանջվել էին ինձ հետ միասին եւ իմ համար. ես չէի ուզենա նրանց տանջանքը ջուրը գցեի: Հենց այս մտքերով ամեն անգամ գորգ դուրս գալիս հիշում էի նրանց կատարած մեծ աշխատանքն ու խնդիր դնում իմ առջեւ՝ միայն հաղթանակով իջնել գորգից: Մեծ ճանապարհ եմ անցել մինչեւ այս Եվրոպայի ոսկե մեդալակիր դառնալը եւ այն մենակ չեմ անցել: Թերեւս սա է ինձ ուժ տալիս, որ ապայման հաղթեմ ցանկացած մրցաշարում, առաջնությունում, յուրաքանչյուր անգամ գորգ դուրս գալիս: Սա, իրոք, մեծ թիմային հաղթանակ է: Ես որեւէ մրցում չեմ կարող հաղթել միայնակ. իմ մարզիչները, հարազատներն ու ընկերները կողքիս են: Եթե նրանք իմ կողքին չլինեն, ոչ մի հաղթանակ չեմ տոնի:

Զգացողություններդ, ապրումներդ ինչպիսի՞ն են:

Հիմա ոչինչ չեմ զգում... Երեւի կվերադառնամ Հայաստան, նոր կզգամ: Այս պահին նույնիսկ սովորական է ինձ համար: Բայց վստահ եմ, երբ գամ Հայաստան, արդեն կհասնակամ՝ ինչ է ինձ հետ կատարվել, ինչ եմ արել, կզգամ, որ ես իրոք Եվրոպայի չեմպիոն եմ դարձել: Այս չեմպիոնությունը ես շատ էի ուզում: Սա իմ մեծ ցանկությունն էր: Ես ուզում էի կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ մեծահասակների Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում, որպեսզի ամբողջ աշխարհը տեսներ՝ Հայաստանը Եվրոպայի չեմպիոն ունի:

Արսեն, մրցագորգի վրա այնքան եռանդով ես գոտեմարտում, մրցակիցներդ հոգնում են, իսկ դու՝ ոչ: Այդքան էներգիա քեզ որտեղի՞ց:

Երեւի բնածին է (ծիծաղում է)... Իմ հարազատ եղբայրն էլ է այդպես. չի հոգնում բացարձակ: Բացի այդ, մենք բոլորս մեզ սովորեցրել ենք, որ չենք հոգնելու, չպետք է եւ իրավունք չունենք հոգնել: Գոտեմարտելու ընթացքում ոչ մի վայրկյան չեմ մտածում հոգնելու մասին: Հակառակը՝ մտածում եմ, որ պետք է հոգնեցնեմ մրցակցիս եւ անցնեմ հաջորդ քայլին՝ հաղթեմ: Այս Եվրոպայի առաջնությունում ես իմ մաքուր անձնական քաշով էի հանդես գալիս՝ 61 կգ: Իմ մրցակիցները բոլորը քաշ գցած էին: Խնդիրս մրցագորգում՝ առաջին 3 րոպեն մրցակցին հոգնեցնել էր, երկրորդ 3 րոպեն միավորներ վերցնելը:

Չեմպիոնական ճանապարհիդ ամենաբարդ գոտեմարտը ո՞րն էր:

Կիսաեզրափակչում ռումինացու հետ գոտեմարտը: Լարվածությունս մի փոքր շատ էր, քանի որ Ռումինիայում գոտեմարտում էի ռումինացու հետ: Մտածում էի, որ նրան կպահեն, մրցավարական կոմնապահություն կանեն: 0։4 պարտվում էի առաջին մրցափուլում: Գիտակցում էի, որ պարտվում եմ, բայց աշխատում էի առաջին փուլում նրան հոգնեցնել, որպեսզի երկրորդ 3 րոպեում անցնեի իմ հնարքներին: Եվ այդպես էլ եղավ՝ ըստ իմ պլանավորածի ու երկրորդ 3 րոպեում հենց սուլիչը հնչեց, ես սկսեցի իմ միավորները վաստակել: Այդ գոտեմարտում ուսս ցավացրեցի, բայց լուրջ վնասվածք չէր: Միայն ավարտին ցավ զգացի: Եզրափակչից առաջ էլ ցավ զգում էի, բայց մոռացա դրա մասին, երբ բարձրացա գորգ, քանի որ իմ երազանքներից մեկն էր իրականանում, եւ ես իրավունք չունեի ցավի մասին հիշել:

Առաջին շնորհավորանքդ ումի՞ց ես ստացել, բացի մարզիչներիցդ:

Չեմպիոն դառնալուց հետո առաջին զանգս ստացել եմ Ռոման Ամոյանից: Նա մեծ դեր ունի այս հաղթանակում: Նրան շնորհակալություն հայտնեցի, քանի որ ինձ շատ է օգնել իմ կարիերայում: Երբ ես Գերմանիայում հանդես էի գալիս Բունդեսլիգայում, Ռոման Ամոյանն ինձ այնտեղ շատ է օգնել, աջակցել, խորհուրդներ տվել: Մի անգամ նա ինձ ասաց՝ դու կարող ես այս տարվա մեծերի Եվրոպայի չեմպիոն դառնալ ու հորդորեց անպայման մասնակցել: Լսեցի նրան, մարզիչներիս ու մասնակցեցի:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Նվիրում եմ հայ ազզին, իմ ընտանիքին, մարզիչներին, բոլոր նրանց, ովքեր ինձ հետ տանջվել են եւ շատ ուզել, որ ես հաղթեմ:

Նպատակներդ դեպի ու՞ր են տանում...

Իմ ճանապարհը ես չեմ գծում, այլ մարզիչներս: Երազանքներիս ու նպատակներիս մասին կլռեմ: Ինչպես իմ մարզիչներն ասեն, այնպես էլ կանեմ, այդ ճանապարհով էլ կգնամ: Առջեւում երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ դեռ ունեմ: Որտեղ կորոշեն, այնտեղ էլ կմասնակցեմ: Ես անսահման հավատում եմ իմ մարզիչներին եւ իմ երազանքներին նրանք են ինձ հասցնելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ