14:17  ,  10 ապրիլի, 2019

Հակոբ Սերոբյան․ Հույս ունեմ, որ հաջող ենք հանդես գալու ԵԱ-ում, քանի որ վարկանիշային է Եվրոպական խաղերի համար

Հույս ունեմ, որ հաջող ենք հանդես գալու, քանի որ վարկանիշային է Եվրոպական խաղերի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 10-ին Լեհաստանի Շչեցին քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 6 մարմնամարզիկով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան եւ Արթուր Ավետիսյան:

«Լեհաստան գալու հետ կապված խնդիր առաջացավ թիմի մոտ, ինքնաթիռը մեկ օր ուշացում տվեց, եւ տղաները չհասցրեցին մասնակցել Եվրոպայի առաջնության գլխավոր փորձին: Եթե նրանք անեն այն, ինչին ընդունակ են եւ ինչպես պատրաստվել են մարզումների ընթացքում, վստահ մի քանի եզրափակիչի մասնակից կունենանք:

Եվրոպական խաղերի վարկանիշներ բազմամարտում տալիս է եզրափակիչում մինչեւ 18-րդ տեղ զբաղեցրածներին, իսկ առանձին գործիքների վրա՝ 1-3 տեղերը: Բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր երկրի հասնում է Եվրոպական խաղերի մինչեւ 3 ուղեգիր: Ամեն ինչ պարզ կդառնա որակավորման փուլից հետո»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ 10-օրյա հավաք է անցել Թբիլիսիում: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը անցկացվելու են հունիսի 21-30-ը Մինսկում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում