10:16  ,  22 օգոստոսի, 2012

Լեւոն Արոնյանի մուսա Արիաննե Կաոիլի. Ես սիրում եմ Հայաստանը

«Ես սիրում եմ Հայաստանը: Վերջին վեց տարում ութ անգամ եղել եմ Հայաստանում: Ինձ շատ  են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հասաց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի սիրելի ընկերուհին եւ պարզապես մուսան ֆիլիպինուհի Արիաննա Կաոիլին (ծնվել է 1986-ին Մանիլայում, հայրը ֆիլիպինցի է, մայրը` հոլանդացու եւ իռլանդացու արմատներ ունի: Կաոլինին միջազգային վարպետ է, ներկայացնում է Ավստրալիայի շախմատային ֆեդերացիան, ուսումը ստացել է Ավստրալիայում): Լեւոնն ու Արիաննան արդեն երկար ժամանակ միասին են ապրում: Նրանք առաջին անգամ հանդիպել են 1996-ին մրցումների ժամանակ, իսկ ընկերացել են 2006-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ստամբուլում կմեկնարկի Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը դարձյալ կառաջնորդի Հայաստանի ազգային հավաքականը:

Արիաննե, ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիր հետաքրքրվել շախմատով:

Ես վեց տարեկան էի, սովորում էի դպրոցում: Մի անգամ դպրոցի գրադարանում պատահաբար տեսա, թե ինչպես են բարձր դասարանի տղաները շախմատ խաղում: Ես սկսեցի ամեն օր հետեւել նրանց խաղին եւ այդպես սովորեցի:

Որո՞նք են մասնագիտական ներկա ծրագրերդ:

Այժմ ես աշխատում եմ որպես խորհրդատու: Հիմնականում կառավարական հաճախորդների հետ աշխատող մեծ խորհդատվական ընկերությունում: Նպատակս մագիստրատուրան ավարտելն է, բայց քանի որ աշխատանքս հետաքրքիր է եւ կարեւոր իմ կարիերայի համար` ուսումս ավարտելը միշտ հետաձգվում է: Իմ դիմպլոմայինի թեման Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է, հիմնականում նրա տնտեսական եւ բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ կառավարական եւ մասնավոր ոլորտներում: Ինձ շատ  են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը:

Հե՞շտ է լինել խելացի կին:

Ես չեմ կարծում, որ շատ խելացի եմ: Ես ուղղակի շատ օրհնված եմ եւ ունեմ շատ էներգիա:

Ի՞նչ հատկություններ պետք է ունենա կինը:

Կարծում եմ իդեալական կինը պետք է ունենա բարություն, գթասրտություն,   էլեգանտություն եւներքին ուժ:

Ի՞նչ նախասիրություններ ունես:

Ես սիրում եմ լատինական պարեր, նաեւ երգում եմ: Այս պահին աշխատում եմ ջազ ալբոմի վրա, որտեղ ես կատարում եմ վոկալ պարտիաներ, ինչպես նաեւ երաժշտության համահեղինակն եմ: Սա պարզապես զվարճանքի համար է: Առանց արվեստի արտահայտման որեւէ միջոցի ես կընկնեի դեպրեսիայի մեջ: Առանց արվեստի կյանքը շատ դժբախտ կլիներ: Հենց այս պատճառով էլ ես սիրում եմ խաղալ շախմատ:

Ինչպե՞ս եք ծանոթացել Լեւոն Արոնյանի հետ:

Առաջին անգամ ծանոթացել ենք 1996-ին աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, բայց ընկերացանք 2006-ին: Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկեր միջազգային վարպետ Ալեքս Վոհլը Բեռլինում:: Ալեքսը գիտի ինձ վեց տարեկանից, իսկ Լեւոնին` պատանեկան տարիքից:

Լեւոնի հետ հաճա՞խ եք շախմատ խաղում, եւ քանի՞ անգամ ես դու հաղթել նրան:

Մենք երբեք միմյանց դեմ չենք խաղում: Ես այդքան հիմար չեմ, որ, նույնիսկ, փորձեմ:

Հե՞շտ է լինել աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկի սիրելի մարդը, կյանքի ուղեկիցը:

Դա շատ հետաքրքիր է: Նա միշտ մտովի ինձ մարտահրավերներ է նետում, ինչն ինձ շատ է դուր գալիս:

 

Վստահ եմ` դու Լեւոնին անգիր գիտես. կիսվիր մի քանի գաղտնիքներով, օրինակ` նրա բնավորության առանձնահատկություններով:

Կարծում եմ, նրա բնավորության լավագույն գծերից մեկը (նաեւ իմ բնավորության) այն է, որ նա միշտ սիրում է սովորել: Եթե նա ինչ-որ բանով հետաքրքված է, նա ցանկանում է հետազոտել այն եւ ամեն ինչ իմանալ դրա մասին: Նա նույնպես սիրում է սովորել նոր բաներ, անգամ, եթե դա մարտահրավեր է նրա համար եւ դուրս է նրա հարմարավետության գոտուց: Օրինակ` պարերը:

Հաջորդ բանը, որ գալիս է մտքիս դա այն է, որ նա կատակասեր է. սիրում է ծիծաղել եւ ինքն իրեն շատ լուրջ չի վերաբերվում: Լեւոնի յուրահատկությունն այն է, որ նա միշտ  մարդկանց մեջ լավն է տեսնում:

Ինչպիսի՞ն է Լեւոնը առօրյա կյանքում:

Հանգիստ, զվարճասեր, արկածախնդիր, միշտ հետաքրքրասեր, երբեք ոչ ձանձրալի:

Եղել ես Հայաստանում: Ի՞նչ կասես մեր երկրի մասին:

Ես սիրում եմ Հայաստանը: Վերջին վեց տարում ութ անգամ եղել եմ: Անցյալ տարի երկու ամիս Հայաստանում եմ անցկացրել, իմ թեզի համար հետազոտություններ էի անում: Ես շատ վայրերում եմ եղել, նույնիսկ, Վրաստանի սահմանամերձ գյուղերում: Իմ ամենասիրելի վայրը Դիլիջանն է: Սիրում եմ խորովածը եւ հայկական խոհանոցը` հատկապես Լեւոնի մայրիկի պատրաստած ուտեստները, ինչպես նաեւ գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի:

Ես սիրում եմ հայոց պատմությունը: Շատ եմ կարդացել հայ պատմիչների: Հայերը շատ հետաքրքիր ազգ են: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի:

Ինչքան հասկացա, դու հայերեն մի քիչ խոսում ես: Ո՞ր արտահայտություններս ես հաճախ օգտագործում:

Ներողություն իմ արտասանության համար: Այդ արտահայտություններն են «ի՞նչ կա չկա, բան չկա, սովածեմ, հոգնածեմ, շատ լավ բանա, արա դե լավ էլի, ուզում եմ խորոված խոզի, շատ համովա, քյարթու ռաբիզ»: Բայց իմ առավել սիրած արտահայտությունը, որ օգտագործում եմ` երեւանյան տաքսու վարորդների հետ է լինում: Նրանք կարծում են, թե ես չգիտեմ` ուր եմ գնում (բայց ես Երեւանի կենտրոնական փողոցները շատ լավ գիտեմ): Շատ դեպքերում նրանք երկարացնում են ճանապարհը կամ կրկնակի գումար են ուզում: Այդ ժամանակ ես ցույց եմ տալիս հաշվիչին եւ միշտ հարցնում եմ նրանց. «Էս ի՞նչա, ախպեր»:

Ո՞ր տեղը կգրավի Հայաստանի հավաքականն առաջիկա Օլիմպիադայում:

Աղոթենք առաջին տեղի համար: Առաջ Հայաստան:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով