23:18  ,  5 ապրիլի, 2019

Փաշիկ Ալավերդյան․ Գոռ Մինասյանը չէր կարող չմասնակցել ԵԱ-ին, թեեւ վնասվածք ուներ (ֆոտո)

Մեր թիմն աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ է տալիս, ինչպես կարող ենք լավագույն կազմով չներկայանալ օլիմպիական վարկանիշային ԵԱ-ին: Գոռ Մինասյանը չէր կարող չմասնակցել, թեեւ վնասվածք ուներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաթումիում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Բաթումիում արդեն մրցումային տրամադրություն է, սակայն Հայաստանի հավաքականը դեռեւս չի ժամանել մրցավայր: Թիմը Բաթումի կժամանի ապրիլի 6-ի երեկոյան:

Պարոն Ալավերդյան, վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Ովքե՞ր են ընդգրկված Հայաստանի հավաքականի կազմում:

Այսօր Բաթումիում կայացավ տեխնիկական անձնակազմի ժողովը, որի ընթացքում պետք է վերջնական ներկայացնեինք կազմը: Տղամարդկանց պայքարը կսկսենք 73 կգ քաշային կարգից. Արմեն Գրիգորյան (73 կգ), Անդրանիկ Կարապետյան եւ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Արսեն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ) եւ գերծանր քաշային կարգում՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան:

Առաջնության նախնական հայտացուցակից դուրս են մնացել  89 կգ քաշային Կարեն Ավագյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Նշել էիք, որ հնարավոր է՝ Գոռ Մինասյանը չմասնակցի:

Այո, հարցականի տակ էր նաեւ Գոռ Մինասյանի մասնակցությունը: Մարզումների ժամանակ նա վնասել էր ոտքը, բայց որոշեցինք, ամեն դեպքում մասնակցել, քանի որ սա օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Պետք է որեւէ հնարավորություն բաց չթողնենք: Այս պահին լավ է նրա վիճակը, կարծում եմ՝ նա կկարողանա բոլոր մոտեցումներն էլ կատարել:

Կանանց հայտացուցակը պահպանվո՞ւմ է:

Այո՝ 59 կգ՝ Իզաբելա Յայլյան, 76 կգ՝ Լիանա Գյուրջյան, 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան եւ +87 կգ՝ Արփինե Դալալյան:

Մեդալի ակնկալի՞ք:

Որ լինի, լավ կլինի: Սիմոն Մարտիրոսյանի մեկնարկային քաշը փոխել ենք: Լավ կլինի, որ նա չեմպիոն դառնա: Այս պահին իմ նպատակն օլիմպիական ուղեգրերն են եւ դրանց քանակը:

Սպասվում է փոփոխություն, ես մեծ ակնկալիք ունեմ մեր ուղեգրերի քանակն ավելացնել: Գուցե դառնա 3 տղամարդկանց եւ 1 կանանց հավաքականին: Մայիսի 31-ին կայանալու է եռակողմ նիստ միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած: Նիստում կհաստատեն, թե Հայաստանի որ մարզիկներն անվանական ստանում են ուղեգրեր:

Ի դեպ, կանանց հավաքականի մարզիչ Արտաշեց Ներսիսյանը ե՞րբ է վերադառնում հավաքական:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ արդեն հաջորդ մրցաշարից մեր մարզիչը վերադառնում է իր աշխատանքին: Մենք կարողացանք հասնել նրան, որ Արտաշես Ներսիսյանը վերականգնի հավաքակում իր գլխավոր մարզչի պարտականությունները: Ուրախ եմ դրա համար, քանի որ Վիգեն Խաչատրյանը վերջապես կվերադառնա իր աշխատանքին, եւ ամեն մեկը կզբաղվի իր աշխատանքով: Հաջորդ մրցաշար ասելով՝ նկատի ունեմ առաջիկայում կայանալիք պատանիների, երիտասարդների մրցաշարերն էլ: Սոնա Պողոսյանի հարցը լիարժեք փակ է. չի քննարկվում եւ նա չի էլ մարզվում:

Պարոն Ալավերդյան, թիմը պետք է դեռ ապրիլի 4-ին ժամաներ մրցավայր: Ե՞րբ են Հայաստանի ներկայացուցիչները լինելու մրցավայրում:

Ժամանակից շուտ գալու իմաստ չեմ տեսնում: Թիմը Երեւանից կշարժվի ապրիլի 6-ին, առավոտյան ժամը 6-ին, իսկ այստեղ կլինի երեկոյան 8-ին: Մեր մրցելույթները մեկնարկում է ապրիլի 8-ին: Նրանց օդափոխության, հանգստանալու համար մեկ օրն էլ է բավարար:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով