12:25  ,  5 ապրիլի, 2019

Մարկոս Պիզելի․ Հույս ունեմ՝ խաղադաշտ վերադառնալ ամռանը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Ղազախստանի «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ապաքինման ընթացքի եւ վերադարձի ժամկետների մասին։

«Վերականգնողական փուլը լավ է անցնում, ես ինձ լավ եմ զգում։ Վիրահատությունից հետո սկսել եմ վերականգնողական մարզումներ, հիմա արդեն անհատական մարզումներ են անցկացնում խաղադաշտում գնդակով։ Հույս ունեմ՝ խաղադաշտ վերադառնալ ամռանը»,- նշել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0):

Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) նա 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Դեկտեմբերին Մարկոսն առաջին անգամ ճանաչվել էր Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով