01:27  ,  3 ապրիլի, 2019

«Բարսելոնան» փրկվեց պարտությունից Մեսիի եւ Սուարեսի գոլերի շնորհիվ՝ 4։4 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4։4, թեեւ արդեն 16-րդ րոպեին կատալոնական թիմը հաղթում էր 2։0 հաշվով։ Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինյոն եւ Մալկոմը։ «Վիլյառեալը» կարողացավ վերականգնել հավասարությունը նիգերիացի կիսապաշտպան Սամուել Չուկվեզեի եւ կամերունցի հարձակվող Կարլ Տոկո Էկամբիի գոլերի շնորհիվ։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խաղը սկսեց պահեստայինների նստարանին, իսկ 61-րդ րոպեին փոխարինեց Ֆիլիպե Կոուտինյոյին։ Սակայն դրանից մեկ րոպե անց դաշտի տերերը խփեցին երրորդ գոլը։ Իսպանացի կիսապաշտպան Վիսենտե Իբորան գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։ 80-րդ րոպեին էլ կոլումբացի հարձակվող Կարլոս Բական հաշիվը դարձրեց 4։2։ 86-րդ րոպեին «Վիլյառեալը» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Ավելացված առաջին րոպեին Մեսին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ չորրորդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց հյուրերի չորրորդ գոլը՝ 4։4։

«Բարսելոնան» 70 միավորով առաջին տեղում է։ Մադրիդի «Աթլետիկոն» հետ է 8 միավոր։ «Վիլյառեալը» 30 միավորով 17-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 4։4 (տեսանյութ)

Սամուել Չուկվեզե, 23, Կարլ Տոկո Էկամբի, 50, Վիսենտե Իբորա, 62, Կարլոս Բակա, 80 – Ֆիլիպե Կոուտինյո, 12, Մալկոմ, 16, Լիոնել Մեսի, 90+1, Լուիս Սուարես, 90+4

Հեռացում՝ Ալվարո («Վիլյառեալ»), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով