18:07  ,  2 ապրիլի, 2019

Սասուն Միքայելյանը չի հավակնում ՀԹՖ նախագահի կամ պատվավոր նախագահի պաշտոնին

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում ոչ ֆեդերացիայի պատվավոր նախագահի, ոչ էլ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի հավակնում ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնին: Եվ ոչ էլ նախագահի պաշտոնն է մտադիր զբաղեցնել: Երեւանի ԵԿՄ շենքում կազմակերպված ժողովը զուտ բարի կամքի դրսեւորում էր Սասուն Միքայելյանի կողմից: Նա ցանկանում էր օգնել, հարթել այս իրավիճակը, ինչի համար նրանից շատ շնորհակալ ենք: Այս հարցը հնչել է նաեւ ԱԺ նիստերից մեկում, որտեղ նա հայտարարել է, որ որեւէ կապ չունի ֆեդերացիայի հետ եւ մտադիր չէ առաջադրվել ոչ ֆեդերացիայի նախագահի եւ ոչ էլ պատվավոր նախագահի պաշտոնում: Մենք ունենք մեր նախագահի թեկնածուն՝ նախկին թաեքվոնդոիստ Դավիթ Պողոսյանն է: Իսկ թե ով կլինի պատվավոր նախագահը, դա ժամանակի հարց է»,- ասաց Վարդան Ղահրամանյանը:

Երեւանի «Միկա» մարզահամալիրում ապրիլի 2-ին անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Չեմպիոն դարձան Լեւոն Գասպարյանը (56կգ), Արտակ Հովհաննիսյանը (58կգ), Ռոման Հայրապետով (63կգ), Սարգիս Սարգսյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսով (74 կգ), Հայկ Խաչատրյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) եւ Անդրանիկ Եդիգարյանը (+87 կգ): Մասնակցում էր 41 մարզիկ Հայաստանից եւ Արցախից:

Հիշեցնենք, որ թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը պետք է կայանար մարտի 16-ին, սակայն Ֆեդերացիայի շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով Հայաստանի առաջնությունը բոյկոտել էին տարբեր ակումբների մարզիկներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով