16:20  ,  2 ապրիլի, 2019

Արթուր Ոսկանյան․ Բազմաթիվ ֆուտբոլային սկաուտներ են ժամանելու Երևան

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը պատրաստվում է Երեւանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է տարվող աշխատանքը։

«Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են: Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում, ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում: Նրանցից մի քանիսը արտերկրի առաջնություններում խաղալով են փորձ յուրացնում: Պաշտպանության սխալները շտկելու ուղղությամբ աշխատեցինք «Ուրալի», Ռուսաստանի և Լատվիայի հավաքականների հետ խաղերում: Բարձրակարգ հավաքականների հետ ուժերը չափելու ցանկություն ենք հայտնել, որ վերջին շտկումները կարողանանք կատարել պաշտոնական ելույթներից առաջ:

Հավաքականը խաղային ձեռագիր է ձևավորել: Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք: Թե՛ դիրքային, թե՛ արագ գրոհների ժամանակ թիմը հավատարիմ է մնում յուրացված խաղաոճին. կարճ ժամանակահատվածում կարևոր ձեռքբերում է: Երբ թիմը ընդունեցինք, խաղի հանդեպ անհատական տարբեր մոտեցումներ ունեին ֆուտբոլիստները: Հիմա թիմային շարժում է նկատվում: Բայց զորեղ մրցակիցների հետ խաղալու համար սա քիչ է, պետք է անընդհատ զարգացնենք թիմային պաշտպանությունը:

Բազմաթիվ ֆուտբոլային սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ չի վիճակվում ամեն թիմի: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում:

Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Հենց այս հանդիպումներում լավագույնս դրսևորվելու դեպքում ինչ-որ կերպ կմեծացնենք հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանն իր ելույթներով մեծ ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմը, ճանաչում է բերել: Եղած ուշադրությունը հարկավոր է ավելացնել: Բացի այդ, Հայաստանում ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը կմեծանա: Իսկ առաջնության հյուրերը կհետաքրքվեն հայկական մշակույթով, այցելություններ կկազմակերպեն նաև Երևանից դուրս: Զբոսաշրջության համար նոր խթան է»,- ասել է Արթուր Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում