15:55  ,  31 մարտի, 2019

«Փյունիկը» փրկվեց պարտությունից, «Լոռին» չպահպանեց 2 գոլի առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մարտի 31-ին անցկացվեցին 24-րդ տուրի 2 խաղեր: «Փյունիկը» 1:1 հաշվով ավարտեց «Բանանցի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ Վանաձորի «Լոռին» Երեւանում ոչ ոքի խաղաց «Արարատի» հետ՝ 2:2:

«Բանանցի» կազմում հաշիվը երկրորդ րոպեին բացեց Վահագն Այվազյանը, որը հայր է դարձել մարտի 31-ին: «Փյունիկին» ավելացված ժամանակում պարտությունից փրկեց «Բանանցի» նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:

«Լոռին» առաջին խաղակեսից հետո ուներ 2 գոլի առավելություն, սակայն ընդմիջումից հետո «Արարատը» խփեց 2 գոլ եւ խուսափեց պարտությունից: «Լոռիի» կազմում հերթական գոլը խփեց Հաիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը 11 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Այս ոչ ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 37 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտին»: Չորրորդ տեղում գտնվող «Բանանցն» ունի 35 միավոր, իսկ «Լոռին» 31 միավորով 5-րդն է: «Արարատը» 15 միավորով նախավերջին տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 38 միավոր հավաքած «Արարատ-Արմենիան», որը բաց է թողնում այս տուրը:

Բարձրագույն խմբի 24-րդ տուրն ապրիլի 1-ին կեզրափակվի «Արցախ» – «Գանձասար-Կապան» խաղով:

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

Մարտի 31

«Բանանց» - «Փյունիկ»՝ 1:1

Վահագն Այվազյան, 2 - Ռումյան Հովսեփյան, 90+2

«Լոռի» - «Արարատ»՝ 2:2

Նանա Անտվի, 26, Ջոնել Դեսիրե, 39 - Վարդան Արզոյան, 60, Սարգիս Մեթոյան, 69

Մարտի 30

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 1:1

Արամ Մուրադյան, 68 - Արթուր Եդիգարյան, 10

Ապրիլի 1

«Արցախ» – «Գանձասար-Կապան»՝ 14:00

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում