23:30  ,  26 մարտի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց. Հանդիպման որոշ հատվածներից գոհ էի, ընդհանուր խաղից՝ ոչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Երեւանում տեղի ունեցած հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Ֆինլանդիայի թիմից կրած 0:2 հաշվով պարտությունը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«2 գոլերի դրվագում էլ սխալ եղավ: Առանց սխալ գոլ չի լինում: Իրոք, շատ պարզ գոլեր բաց թողեցինք: Չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը: Կործես պետք է գոլ խփեինք, սակայն հաջորդ գրոհի ժամանակ գոլ բաց թողեցինք:

Կարող եմ ասել, որ այսօրվա հանդիպման որոշ հատվածներից գոհ էի, բայց ընդհանուր խաղից՝ ոչ: Դեռ շատ աշխատանք ունենք կատարելու՝ մեր խաղը բարելավելու համար:

Հենրիխ Մխիթարյանին հենակետային կիսապաշտպանի գոտում խաղացնելը հարկադրված էր, քանի որ խաղից առաջ Կառլեն Մկրտչյանը հիվանդացավ եւ ստիպված փոխարինում կատարեցինք կազմում: Ծրագրել էինք, որ Մխիթարյանը պետք է առաջ շարժվի եւ գործենք 2 ենթահարձակվողով:

Արթուր Սարկիսովին հավաքական չհրավիրելու մասին կասեմ, որ ակումբում նա խաղում է եզրում, այլ ոչ կենտրոնական հարձակվողի դիրքում: Իրոք, Արթուր Սարկիսովը լավ ֆուտբոլիստ է, սակայն նրա փոխարեն մենք հավաքական հրավիրեցինք Էդգար Բաբայանին, որը 2 խաղերում էլ սրություն ցուցադրեց: Եզրերում ունենք շատ ֆուտբոլիստներ: Այդ դիրքում ունենք նաեւ Ալիկ Առաքելյան, որին շատ եմ ցանկանում աստիճանաբար ընդգրկել թիմի կազմում: Իսկ եթե Սարկիսովին դիտարկեինք կենտրոնական հարձակվողի գոտում, ապա այդ դիրքում հրավիրել էինք Բալեկյանին, որը նախորդ խաղում հաջող գործեց, իսկ այսօր այնքան էլ լավ չխաղաց: Ունենք նաեւ Ալեքսանդր Կարապետյան, որն իրեն լավ էր դրսեւորում, սակայն այս խաղում չստացվեց:

Սարգիս Ադամյանը վատառողջ էր նախորդ խաղի ժամանակ, իսկ հաջորդ օրը հիվանդացել էր: Բարդ էր վերականգնվել ճանապարհից հետո: Նույնիսկ ցանկանում էիք փոխարինման դուրս բերել Ադամյանին, սակայն հիվանդության պատճառով նա չխաղաց:

Արդեն ասել եմ, որ կցանկանայի Արտակ Գրիգորյանի մոտ փոխանցումների խոտանը քիչ լիներ: Երեւի նկատել եք, որ քիչ ենք փորձում պաշտպանությունից դուրս գալ կարճ փոխանցումներով: Եթե մեր հենակետային կիսապաշտպանների փոխանցումներն ավելի լավը լինեին, խաղի որակն ավելի բարձր կլիներ: Ամեն դեպքում, Արտակ Գրիգորյանը շատ է օգնում թիմին՝ կասեցնելով մրցակցի գրոհները: Ունեցանք մի քանի լավ հակագրոհներ, բայց չկարողացանք վերջին փոխանցումը ճիշտ կատարել:

Պետրոս Ավետիսյանն ունի մեծ ներուժ: Նա ակտիվացրեց խաղը, սակայն նա իր խոսքը կասի, եթե լուրջ մոտենա մարզումային գործընթացին: Ես հավատում եմ նրա ապագային:

Ֆուտբոլում վերջնական բան չկա, եթե վատ ես հանդես գալիս, ապա հաջորդ օրը չես խաղում:

Փոխարինեցինք եզրային ֆուտբոլիստներին, քանի որ այդ դիրքում ունենք շատ խաղացողներ: Կարծում եմ՝ Տիգրան Բարսեղյանն ակտիվացրեց խաղը:

Հաջորդ խաղում մեր առաջին նպատակը պետք է լինի ազգին ուրախացնելը՝ լավ խաղով ու արդյունքով: Եթե նույնիսկ արդյունքը լավ չի լինում, ապա գոնե պետք է լավ խաղանք՝ մեծ նվիրվածությամբ:  

Արդեն ասել ենք, որ հավաքականն ունի երիտասարդացման կարիք: Կփորձենք կամաց-կամաց մեր երիտասարդներին բերել հավաքական եւ լավացնել մեր խաղը»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականն առաջին տնային հանդիպումն անցկացրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում եւ կրեց երկրորդ պարտությունը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով