22:51  ,  26 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրո-2020-ի ընտրական փուլում: J խմբի երկրորդ տուրում հայ ֆուտբոլիստները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեցին Ֆինլանդիայի հավաքականին եւ պարտվեց 0:2 հաշվով:

Բոսնիացիների դեմ նախորդ խաղի համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմում կատարել էր 3 փոփոխություն՝ ամբողջությամբ փոխելով առջեւի գիծը, իսկ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նահանջել էր հենակետայինի գոտի:

Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը եւ սկզբնամասում անցկացրեց մի քանի գրոհներ, իսկ 13-րդ րոպեին ստեղծեց առաջին իրական գոլային պահը, սակայն Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը չկարողացավ հարմար դիրքից գրավել դարպասը: Վայրկյաններ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը, եւ գնդակը հայտնվեց դաշտի տերերի դարպասում: Ֆինլանդիայի հավաքականի եզրային գրոհը եզրափակեց գերմանական «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ֆրեդրիկ Յենսենը՝ 0:1:

Գոլից հետո հյուրերն ավելի շատ էին վերահսկում գնդակը, իսկ հայկական թիմը պրեսինգի չէր դիմում մրցակցի կիսադաշտում: Առաջին խաղակեսում դաշտի տերերը հիմնականում գրոհում էի եզրերով: Աջ եզրում հաճախ գրոհներին միանում էր Կամո Հովհաննիսյանը, իսկ ձախ եզրում ակտիվություն էր դրսեւորում Էդգար Բաբայանը:

Ֆինլանդիայի հավաքականը գնդակի վերահսկումով փորձում էր պահել խաղի ցածր տեմպը, ինչը ստացվում էր: Հայաստանի հավաքականը երբեմն-երբեմն ակտիվանում էր, սակայն գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Խաղակեսի վերջնամասում մրցավարը դեղին քարտ ցուցադրեց 3 խաղացողների: Հայաստանի հավաքականից զգուշացվեցին Էդգար Բաբայանը եւ Անդրե Կալիսիրը, իսկ հյուրերց՝ Գլեն Կամարան:

45-րդ րոպեին տանտերերը ստեղծեցին վտանգավոր պահ, բայց Էդգար Բաբայանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը չհասավ գնդակին: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց Հայաստանի հավաքականի գրոհների ներքո: Դաշտի տերերի մոտ գնդակի վերահսկումը հաջող չէր ստացվում, եւ դիրքային գրոհներ կազմակերպելու փորձերն անհաջող էին: 62-րդ րոպեին Ֆինլանդիայի հավաքականն ունեցավ միանգամից 2 գոլային պահ, բայց 2 դեպքում էլ Արամ Հայրապետյանը հեռացրեց գնդակը: Երկրորդ խաղակեսի միջնամասում հայկական թիմը մեծացրեց ճնշումը եւ մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին:

71-րդ րոպեին Երեւանի «Բանանցի» դարպասապահը դաշտի տերերին եւս մեկ անգամ փրկեց գոլից: Նրա դեմ հարվածային դիրք էր դուրս եկել անգլիական «Նորվիչի» հարձակվող Տյեմու Պուկին: Ժամանակն անցնում էր, իսկ հյուրերի դարպասի մոտ գոլային պահեր չկային: 75-րդ րոպեին վտանգավոր պահ ստեղծեցին փոխարինման դուրս եկած Պետրոս Ավետիսյանն ու Տիգրան Բարսեղյանը, սակայն վերջինիս հարվածը բարձր ստացվեց:

78-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: Իսպանական «Սպորտինգ Խիխոնի» կիսապաշտպան Ռոբին Լոդն աջ եզրում հեշտությամբ շրջանցեց 2 մրցակիցների եւ գոլային փոխանցում կատարեց Պյուրյու Սոիրիին, որը գրավեց անպաշտպան դարպասը՝ 0:2:

83-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի վտանգավոր հարվածից հետո վստահ գործեց հյուրերի դարպասապահը: Վերջնամասում Հայաստանի հավաքականի՝ խաղը փրկելու փորձերն ապարդյուն էին:

Խաղին ստադիոնում հետեւում էին նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2: 

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր, J խումբ

Հայաստան - Ֆինլանդիա՝ 0:2

Ֆրեդրիկ Յենսեն, 14, Պյուրյու Սոիրի, 78

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Բաբայան (Պետրոս Ավետիսյան, 74), Արաս Օզբիլիս (Տիգրան Բարսեղյան, 67), Գեւորգ Ղազարյան, Նորբերտո Բրիասկո-Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան, 59)։

Իտալիա - Լիխտենշտեյն՝ 23։45 (Երեւանի ժամանակով)

Բոսնիա-Հերցեգովինա - Հունաստան՝ 23։45

Մրցաշարային դրություն․ Հունաստան՝ 3 միավոր (1 խաղ), Իտալիա՝ 3 (1 խաղ), Բոսնիա՝ 3 (1 խաղ), Ֆինլանդիա՝ 3, Լիխտենշտեյն՝ 0 (1 խաղ), Հայաստան՝ 0։ 

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով