Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավաքին չհրավիրվելու մասին:
«Չգիտեմ, թե ինչի հետ է կապված ինձ հավաքական չհրավիրելը: Չեմ հասկանում՝ ինչի պատճառով չեն հրավիրել ինձ, քանի որ չեմ ավարտել կարիերաս հավաքականում: Պարզապես չեն հրավիրել: Երեւի, պետք է մարզիչին հարցնել այդ մասին:
Միշտ ուրախությամբ եմ միացել Հայաստանի ազգային հավաքականին: Լավ մարզավիճակում եմ, լավ եմ զգում ինձ եւ «Ենիսեյի» կազմում պատրաստվում եմ «Ռոստովի» դեմ խաղին: Հայաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում Ֆինլադնիայի դեմ խաղին»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Սարկիսովը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 6 գոլի հեղինակ:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պատրաստվում է Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպմանը, որը կկայանա մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում