21:46  ,  25 մարտի, 2019

Նեյմարը բանակցում է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի հարցով

Ֆրանսիայի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը հաստատել է, որ փարիզյան ակումբի հետ բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ։ Նեյմար ավագը ֆուտբոլիստի գործակալն է։

«ՊՍԺ-ի հետ Նեյմարի գործող պայմանագրի ավարտին մնացել է երեք տարի։ Հիմա մենք բանակցում ենք ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Նեյմարը խոսակցությունների թիրախում է 17 տարեկանից, պրոֆեսիոնալ կարիերայի սկզբից։ Բայց նա կյանքում ընդամենը երկու տրանսֆեր է ունեցել, իսկ տարբեր խոսակցությունները շարունակվում են 10 տարի։ Հավանականությունը մեծ է, որ նա չի փոխի ակումբը»,- Նեյմար ավագի խոսքը մեջբերում է uol.com.br-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 23 հանդիպան, խփել 20 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նա շարունակում է ապաքինման փուլը ոտնաթաթի կոտրվածքից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում