17:34  ,  25 մարտի, 2019

Սասուն Միքայելյանը հավակնում է ՀԹՖ-ում Մանվել Գրիգորյանի պաշտոնին (LIVE)

Սասուն Միքայելյանը հավակնում է Մանվել Գրիգորյանի պաշտոնին․ ըստ NEWS.am Sport-ի թղթակցի տեղեկությունների, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին առաջարկել ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնը:

Մարտի 25-ին Երկրապահ կամավորականների միության շենքում կայացավ ֆեդերցիայի ոչ պաշտոնական ժողովը, որին մասնակցում էր Սասուն Միքայելյանը, Հայաստանի սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, Ֆեդերացիայի գործող ղեկավարությունն ի դեմս փոխնախագահ Վարդան Ղահրամանյանի եւ ֆեդերացիայի ղեկավարությունից դժգոհող մարզիչներն ու թաեքվոնդոյի ներկայացուցիչները:

Ըստ NEWS.am Sport-ի տեղեկության, այս ժողովի ընթացքում նախատեսվում էր ֆեդերացիայի ղեկավարության կողմից ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին առաջարկել պատվավոր նախագահի պաշտոնը, սակայն ժողովի մասնակիցների միջեւ թեժ բանավեճ սկսվեց, եւ Սասուն Միքայելյանն ու Գեւորգ Լոռեցյանը ստիպված եղան դադարեցնել հանդիպումը:

Այդ ընթացքում ժողովի մասնակիցները խոչընդոտեցին նաեւ NEWS.am Sport-ի թղթակցի լուսաբանումը:

«Հանդիպումը ոչ պաշտոնական է, եւ Սասուն Միքայելյանը միայն որպես բարի կամք, ցանկանում է մեկ հարկի տակ համախմբել թաեքվոնդոիստներին: Որեւէ այլ առնչություն պատգամավորը չունի ֆեդերացիայի հետ»,- ասաց Գեւորգ Լոռեցյանը:

Ժողովի օրակարգում առաջիկայում տեղի ունենալիք նախագահի ընրությունների ձեւաչափի որոշումն էր, սակայն ձեւաչափն այդպես էլ չընտրվեց, քանի որ հակառակ կողմերը չէին կարողանում տիրապետել իրենց հույզերին՝ միմյանց հասցեին մեղադրանքներ ներկայացնելով:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը NEWS.am Sport-ի տեղեկություններով ապրիլի 8-ին ընտրվելու է Երկրապահ կամավորականների միության նախագահ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով