17:17  ,  25 մարտի, 2019

Ֆինլանդիայի հավաքականի մարզիչ. Հրաշալի է վերադառնալ Երեւան 21 տարի անց

Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան Երեւանում անցկացված նախախաղային ասուլիսում անդրադարձավ Հայաստանի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Նախեւառաջ, հրաշալի է վերադառնալ այստեղ 21 տարի անց: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում ես այստեղ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղացել եմ «Փյունիկի» դեմ: Վաղն ակնկալում ենք բարդ հանդիպում:

Հիասթափված ենք իտալացիներից կրած պարտության պատճառով, սակայն մենք պայքարելու ենք Եվրո-2020-ի ուղեգրի համար: Հայաստանի հավաքականն ունի մի շարք տաղանդավոր երիտասարդ խաղացողներ եւ Հենրիխ Մխիթարյանի պես գերաստղ: Հայաստանի թիմը Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խաղում ապացուցել է, որ կարող է լավ խաղ ցուցադրել: Իտալացիների դեմ մենք չենք խաղացել անհատական վերահսկողությամբ, այլ գործել ենք թիմային պաշտպանությամբ: Նույնը կանենք նաեւ վաղը:

Գիտենք, որ վաղը ամենամեծ վտանգը պետք է սպասել Հենրիխ Մխիթարյանից: Հայաստանի հավաքականի դեմ խաղալու ենք հաղթանակի համար, եւ դրան կարող ենք հասնել լավ պաշտպանությամբ եւ փորձելով հաջող խաղալ առջեւի գծում: Հանդիպման ընթացքից կախված կլինի, թե արդյոք ոչ ոքին կգոհացնի մեզ վաղվա խաղում: Բնականաբար, չեմ կարող ասել, թե մեր թիմում որ ֆուտբոլիստներից պետք է զգուշանան մեր մրցակիցները:

Երեւանյան եղանակի մասին կասեմ, որ սա նման է Ֆինլանդիայի եղանակին: Երեկ ես մի փոքր զարմացա՝ տեսնելով, որ այստեղ ձյուն է գալիս: Բարեբախտաբար, խոտածածկը լավ վիճակում է եւ չի ազդի վաղվա խաղի որակի վրա:

Եթե նայենք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակին, կարծում եմ՝ Իտալիայի հավաքականը մեր խմբի գլխավոր ֆավորիտն է, հետո գալիս են բոսնիացիներն ու հույները, իսկ հետո նոր՝ մենք ու Հայաստանի հավաքականը»,- նշեց նշեց 54-ամյա մասնագետը:

Մարկու Կաներվայի հետ նախախաղային ասուլիսին ներկայացել էր նաեւ նորվեգական «Տրյոմսեի» պաշտպան Յուհա Պիրինենը, որը նշեց հետեւյալը.

«Անկալում եմ շատ բարդ հանդիպում, ինչի մասին նշեց նաեւ մարզիչը: Ամեն ինչ կանենք, որպեսզի 3 միավոր վաստակենք վաղվա խաղում: Իհարկե, մենք դիտել ենք հայերի նախորդ խաղը եւ տեսել ենք նաեւ թույլ կողմեր, սակայն ես չեմ խոսի այդ մասին: Վաղը կփորձենք օգտվել դրանից»,- ասաց ֆուբոլիստը:

Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին: Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով