08:10  ,  24 մարտի, 2019

ՀՖՖ-ի պարզաբանումը Սարաեւոյում Հայաստանի դրոշի հետ կապված սկանդալային միջադեպի վերաբերյալ (ֆոտո)  

Ֆուտբոլի  Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղից առաջ տեղի ունեցավ սկանդալային միջադեպ: Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած հանդիպումման կազմակերպիչները հակառակ կողմով էին կախել Հայաստանի դրոշը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել երկրպագուների շրջանում եւ նաեւ քննարկման առարկա դարձել համացանցում:

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանի խոսքով, հայկական կողմը, նկատելով դա, անմիջապես քայլեր է ձեռնարկել հանդիպման կազմակերպիչների սխալը շտկելու ուղղությամբ, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Հանդիպումից առաջ, երբ ժամանեցինք ստադիոն, նկատեցինք, որ Հայաստանի պետական դրոշը կախված է հակառակ կողմով: Մեր հարցադրմանը սկզբում պատասխան եղավ, որ իրականում դրոշը ճիշտ է կախված, պարզապես սարքը, որի վրա ամրացված է դրոշը, անընդհատ պտտվում է, եւ դա է պատճառը, որ այն երեւում է հակառակ կողմով: Երկրորդ անգամ մեր հարցադրմանը պատասխանեցին, որ դրոշն օրորվում է քամու պատճառով, սակայն մենք նկատեցինք, որ ՈւԵՖԱ-ի եւ Respect-ի դրոշները նույնիսկ քամու պարագայում անփոփոխ էին: Դրանից հետո մեր պատվիրակությունը վերջապես կարողացավ գտնել մարդկանց, որոնց միջամտության շնորհիվ հնարավոր եղավ ուղղել այդ սխալը: Քանի որ խաղադաշտ եկած հայ երկրպագուների շրջանում եւ նաեւ համացանցում դա դժգոհություն էր առաջացրել, ցանկանում ենք պարզաբանում տալ այդ հարցով: Ի վերջո, մեր պատվիրակության հորդորներից հետո խաղից 5-7 րոպե առաջ հանդիպման պատասխանատուներն իջեցրին մեր դրոշը եւ այն շրջեցին հակառակ կողմով: Իհարկե, խաղի ժամանակ եղավ նաեւ դեպք, որ դրոշը քամու պատճառով ծալվել էր եւ ընդհանրապես չէր երեւում, սակայն գոնե կարողացանք հասնել նրան, որ ի վերջո սխալը շտկվեց եւ դրոշը տեղադրվեց ճիշտ կողմով»,- ասաց Հայկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այդ խաղում  Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով: Հյուրերից հանդիպման հաշիվն ավելացրած ժամանակում կրճատել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով