02:22  ,  24 մարտի, 2019

Ռոբերտ Պրոսինեչկի․ Հայաստանի թիմն ինձ անակնկալի բերեց երկրորդ խաղակեսում

Ֆուտբոլի Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Սարաեւոյում անցկացված հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Հայաստանի թիմի նկատմամբ 2:1 հաշվով տնային հաղթանակը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղում, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Առաջին խաղակեսում մենք ցուցադրեցինք լավ խաղ, իսկ ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ուներ որոշակի առավելություն: Առաջին խաղակեսում մրցակիցը միայն մեկ անգամ սպառնաց մեր դարպասին:

Կարեւոր է, որ վաստակեցինք 3 միավոր: Հաջորդ խաղերում կփորձենք ավելի արդյունավետ իրացնել մեր գոլային պահերը: Եթե շարունակենք աշխատել նույն կերպ, կարող ենք հաջորդ խաղերում եւս խնդիրներ առաջացնել մրցակիցների համար:

Մնում եմ նույն կարծիքին, որ Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է: Հայաստանի թիմն ինձ անակնկալի բերեց երկրորդ խաղակեսում եւ խնդիրներ առաջացրեց մեզ համար»,- նշեց խորվաթ մասնագետը:

Հիշեցնենք, որ Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած խաղում հյուրերից հաշիվն ավելացրած ժամանակում կրճատեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս