02:04  ,  24 մարտի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց. Արդյունքից գոհ չեմ, բայց վստահ եմ՝ տղաները կարող են ավելի լավ խաղալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Սարաեւոյում տեղի ունեցած հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի խաղում, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսում եւս լավ խաղացինք, ինչպես ընդմիջումից հետո: Երկրորդ կեսում դաշտ դուրս բերեցինք առջեւի գծի թարմ խաղացողների եւ սկսեցինք ավելի ակտիվ գործել հարձակման գծում:

Մենք լավատես ենք յուրաքանչյուր խաղում եւ կարծում ենք, որ հաջորդ մրցավեճում կգործենք ավելի լավ: Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը խաղաց լավ ֆուտբոլ: Ֆուտբոլում չկա այդպիսի բան՝ թիմն արժանի է հաղթանակի, թե՝ ոչ: Ես շնորհավորեցի մրցակցի թիմի գլխավոր մարզիչին:

Չեմ ասի, որ ստանդարտ դիրքերի ժամանակ խնդիրներ ունենք, պարզապես մրցակիցը հաջող իրացրեց դրանք: Արամ Հայրապետյանը մի քանի դրվագներում փրկեց թիմին, բայց դարպասապահի համար կարեւոր է կայուն խաղ ցուցադրելը: Կցանկանայի, որ դա շարունակական լինի: Չեմ կարող ասել, որ մրցակցի գոլերի դրվագում գոլը հասունացել էր: Արդյունքից գոհ չեմ, բայց վստահ եմ, որ տղաները կարող են ավելի լավ խաղալ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի հասցնենք վերականգնվել հաջորդ խաղին: Դեռ չեմ կարող ասել, թե լինելու են փոխարինումներ հաջորդ խաղում»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայացած խաղում հյուրերից հաշիվն ավելացրած ժամանակում կրճատեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս