01:35  ,  24 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց պայքարը Եվրո-2020-ի ընտրական փուլում:

J խմբի առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Սարաեւոյում արտագնա հանդիպում անցկացրեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:

«Գրբավիցա» ստադիոնում կայացած խաղից առաջ հուշանվեր ստացավ իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, որը 100-րդ հանդիպումն էր անցկացնում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի կազմում:

Հայաստանի հավաքականն ընտրել էր 4-2-3-1 տակտիկական սխեման: Սկզբնամասում խաղի տեմպը բարձր չէր: Բոսնիացիները վերահսկում էին գնդակը, իսկ Հայաստանի հավաքականը խաղում էր ընդգծված երկրորդ համարով եւ սպասում իր շանսին:

Հայկական թիմն առաջին վտանգավոր պահը ստեղծեց չորրորդ րոպեին, երբ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը 11 մետրանոց նշակետի մոտից չկարողացավ հարվածել գնդակին: Բոսնիացիները հյուրերի դարպասին լրջորեն սպառնացին 12-րդ րոպեին, երբ Արամ Հայրապետյանը հյուրերին գոլից փրկեց Էդին Վիշչայի հարվածից հետո: Հայաստանի հավաքականն աստիճանաբար ավելացնում էր վստահությունը եւ ոչ շատ հաճախ մրցակցի գրոհներին պատասխանում էր հակագրոհներով: Բոսնիացիներն ավելի շատ էին գրոհում, բայց գործն իրական գոլային պահերի չէր հասնում:

Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գրոհների հիմնական կազմակերպիչ Միրալեմ Պյանիչն աննկատ էր խաղակեսի սկզբնամասում, իսկ նրա կողքին հաճախ հայտնում էր ենթահարձակվողի դիրքում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը: 26-րդ րոպեին վտանգավոր ստացվեց դաշտի տերերի իրացրած ստանդարտ դիրքի խաղարկումը, որից հետո Արամ Հայրապետյանը դարձյալ վստահ գործեց Միրալեմ Պյանիչի հարված-փոխանցումից հետո: Հայաստանի հավաքականը գոլից փրկվեց 33-րդ րոպեին, երբ բոսնիացիների իրացրած անկյունային հարվածից հետո գնդակը շատ մոտ էր դարպասում հայտնվելուն:

Այնուամենայնիվ, նշանակվեց եւս մեկ անկյունային հարված, որը դաշտի տերերն ավարտեցին գոլով: Գլխի հարվածով աչքի ընկավ իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Ռադե Կրունիչը՝ 1:0: Առաջին խաղակեսի ընթացքում Հայաստանի հավաքականն ընդհանրապես չէր գրոհում ձախ եզրով, որտեղ խաղում էր Գեւորգ Ղազարյանը: Հայկական թիմը հիմնականում փորձում էր գրոհել աջ եզրով ու կենտրոնով, որտեղ մրցակիցը հաճախ Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը խափանում էր կանոնների խախտումով: Հյուրերը մրցակցի դարպասին առաջին հարվածը կատարեցին 40-րդ րոպեին, սակայն Ալեքսանդր Կարապետյանի հարվածը վտանգավոր չստացվեց: Բոսնիացիները եւս չեն շտապում բարձր տեմպ հաղորդել խաղին, իսկ խաղակեսի վերջնամասում կորցրին իրական գոլային պահ: Հարվածային դիրքում հայտնվել էր Էդին Ջեկոն, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց դաշտի տերերի ակտիվ գործողություններով, բայց Հայաստանի հավաքականը եւս ագրեսիվություն ավելացրել առջեւի գծում: Հյուրերը չէին գրոհում մեծ ուժերով, ինչի պատճառով գրոհները վտանգավոր չէին ստացվում: 67-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը կատարեց կրկնակի փոխարինում՝ Սարգիս Ադամյանի ու Ալեքսանդր Կարապետյանի փոխարեն դաշտ դուրս բերելով Էդգար Բաբայանին ու Նորբերտո Բրիասկո Բելեկյանին:

Բոսնիացիները վստահ էին վերահսկում գնդակը, իսկ գրոհի եզրափակիչ փուլում նույնքան տպավորիչ չէին: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն առաջին գոլային պահն ունեցավ 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը որոշեց ինքն ավարտին հասցնել գրոհը եւ շեղ հարվածեց: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը հարվածելու հնարավորություն ստացավ նաեւ րոպեներ անց, սակայն այս դեպքում եւս նա շեղ հարվածով եզրափակեց եզրային գրոհը:

75-րդ րոպեին շեղ հարվածելու հերթը փոխարինման դուրս եկած Նորբերտո Բրիասկո Բելեկյանինն էր: Բոսնիացիների գրեթե բոլոր գրոհներն ընդհատվում էին կամ հյուրերի հաջող պաշտպանողական գործողություններով, կամ ավարտվում անկյունային հարվածի իրավունք ստանալու հնարավորությամբ:

Անկյունայիններից մեկից հետո 78-րդ Հայաստանի հավաքականին գոլից փրկեց դարպասաձողը, այնուհետեւ՝ Արամ Հայրապետյանը: 80-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Եզրային գրոհը եզրափակեց փոխարինման դուրս եկած Դենի Միլոշեւիչը թուրքական «Կոնյասպորից»՝ 2:0:

Խաղի վերջնամասում Հայաստանի հավաքականը չէր կարողանում ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա, բայց ավելացված ժամանակում ստացավ 11 մետրանոցի իրավունք: Այն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը։ Մրցակիցը ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։

J խմբի մյուս 2 խաղերում Իտալիայի հավաքականը տանը 2:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին, իսկ հույները արտագնա հաղթանակ տարան Լիխտենշտեյնի նկատմամբ՝ 2:0:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ֆինլանդիայի թիմին:

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր, J խումբ

Բոսնիա-Հերցեգովինա - Հայաստան՝ 2:1

Ռադե Կրունիչ, 33, Դենի Միլոշեւիչ, 80 - Հենրիխ Մխիթարյան, 90+5, 11մ

Հայաստան. Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան (Արաս օզբիլիս, 81), Սարգիս Ադամյան (Սարգիս Ադամյան, 67), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան (Նորբերտո Բրիասկո Բելեկյան, 67):

Իտալիա - Ֆինլանդիա՝ 2։0 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 7, Մոյզե Քին, 74

Լիխտենշտեյն - Հունաստան՝ 0։2

Կոստաս Ֆորտունիս, 45+2, Անաստասիոս Դոնիս, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով