00:31  ,  24 մարտի, 2019

Եվրո-2020․ Բոսնիա եւ Հերցեգովինա - Հայաստան․ Առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում հյուրընկալվել է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում խաղից առաջ հուշանվեր ստացավ իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, որը 100-րդ հանդիպումն էր անցկացնում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի կազմում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ընտրել է 4-2-3-1 տակտիկական սխեման:

Սկզբնամասում խաղի մեկնարկը բարձր չէր: Բոսինացիները վերահսկում էին գնդակը, իսկ Հայաստանի հավաքականը խաղում էր ընդգծված երկրորդ համարով եւ սպասում իր շանսին: Հայկական թիմն առաջին վտանգավոր պահը ստեղծեց չորրորդ րոպեին, երբ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը 11 մետրանոց նշակետի մոտից չկարողացավ հարվածել գնդակին: Բոսնիացիները հյուրերի դարպասին լրջորեն սպառնացին 12-րդ րոպեին, երբ Արամ Հայրապետյանը հյուրերին գոլից փրկեց Էդին Վիշչայի հարվածից հետո: Հայաստանի հավաքականն աստիճանաբար ավելացնում էր վստահությունը եւ ոչ շատ հաճախ մրցակցի գրոհներին պատասխանում էր հակագրոհներով: Բոսնիացիներն ավելի շատ էին գրոհում, բայց գործն իրական գոլային պահերի չէր հասնում:

Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի գրոհների հիմնական կազմակերպիչ Միրալեմ Պյանիչն աննկատ էր խաղակեսի սկզբնամասում, իսկ նրա կողքին հաճախ հայտնում էր ենթահարձակվողի դիրքում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը: 26-րդ րոպեին վտանգավոր ստացվեց դաշտի տերերի իրացրած ստանդարտ դիրքի խաղարկումը, որից հետո Արամ Հայրապետյանը դարձյալ վստահ գործեց Միրալեմ Պյանիչի հարված-փոխանցումից հետո: Հայաստանի հավաքականը գոլից փրկվեց 33-րդ րոպեին, երբ բոսնիացիների իրացրած անկյունային հարվածից հետո գնդակը շատ մոտ էր դարպասում հայտնվելուն: Այնուամենայնիվ, նշանակվեց եւս մեկ անկյունային հարված, որը դաշտի տերերն ավարտեցին գոլով: Գլխի հարվածով աչքի ընկավ իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Ռադե Կրունիչը՝ 1:0: Առաջին խաղակեսի ընթացքում Հայաստանի հավաքականն ընդհանրապես չէր գրոհում ձախ եզրով, որտեղ խաղում էր Գեւորգ Ղազարյանը: Հայկական թիմը հիմնականում փորձում էր գրոհել աջ եզրով ու կենտրոնով, որտեղ մրցակիցը հաճախ Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը խափանում էր կանոնների խախտումով: Հյուրերը մրցակցի դարպասին առաջին հարվածը կատարեցին 40-րդ րոպեին, սակայն Ալեքսանդր Կարապետյանի հարվածը վտանգավոր չստացվեց: Բոսնիացիները եւս չեն շտապում բարձր տեմպ հաղորդել խաղին, իսկ խաղակեսի վերջնամասում կորցրին իրական գոլային պահ: Հարվածային դիրքում հայտնվել էր Էդին Ջեկոն, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

J խմբում Իտալիայի հավաքականն ընդունել է Ֆինլանդիային եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով, Լիխտենշտեյն - Հունաստան խաղի ավելացված րոպեներին գոլ խփեցին հույները։

Ընդմիջում է։

Եվրո-2020ընտրական փուլ, J խումբ, առաջին տուր, առաջին խաղակես

Բոսնիա-Հերցեգովինա – Հայաստան՝ 1։0

Ռադե Կրունիչ, 33

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան։

Բոսնիա-Հերցեգովինա․ Իբրահիմ Շեհիչ, Էլդար Չիվիչ, Էրվին Ժուկանովիչ, Էրմին Բիչակչիչ, Դարկո Տոդորովիչ, Ռադե Կրունիչ, Մուհամեդ Բեշիչ, Միրալեմ Պյանիչ, Գորան Զակարիչ, Էդին Վիշչա, Էդին Ջեկո։

Իտալիա – Ֆինլանդիա՝ 1։0 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 7

Լիխտենշտեյն – Հունաստան՝ 0։1

Կոստաս Ֆորտունիս, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով