10:23  ,  23 մարտի, 2019

Հակոբ Սերոբյանը՝ Դոհայից․ Արդյունքներից շատ գոհ եմ

Օղակների վարժության եզրափակիչի գլխավոր մրցավարն էի եւ մեծ հպարտություն էի զգում, որ ունենք եզրափակիչի երկու մասնակից, եւ երկուսն էլ դարձան մեդալակիր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Քաթարի մայրաքաղաքում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը երկու մեդալ է նվաճել օղակների վարժությունում: Հայաստանի 2019 թվականի չեմպիոն Արթուր Թովմասյանը 14, 833 միավորով արծաթե մեդալակիր է դարձել, իսկ Վահագն Դաթյանը՝ 14,825 միավորով բրոնզե: Ոսկե մեդալակիր է դարձել Չինաստանի ներկայացուցիչը՝ 15,100 միավորով: Նժույգի վարժության եզրափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդ տեղն է զբաղեցրել 8, 466 միավորով:

«Հետաքրքիր ու լարված պայքար ստացվեց օղակների վարժության եզրափակիչում: Իրականում, օղակների վրա ուժեղ մարմնամարզիկներ շատ կան, բայց մեր տղաները փայլեցին: Ոսկե մեդալ չէինք կարող նվաճել, քանի որ չինացի մարզիկն իսկապես անգերազանցելի էր, վարժությունը բարդացրեց եւ լիարժեք արժանի էր ոսկե մեդալին:

Հարություն Մերդինյանից շատ գոհ եմ, քանի որ նա իր վարժությունը լիարժեք կատարեց: Անակնկալ կերպով ի հայտ եկան շատ ուժեղ մարմնամարզիկներ, որոնց վարժությունների բարդությունները շատ բարձր էին: Այս պարագայում Մերդինյանը չէր կարող մեդալի համար պայքարել:

Ընդհանուր մասնակցությունից եւ այս արդյունքներից շատ գոհ եմ. միանգամից երկու մեդալ մի գործիքի վրա, շատ ուրախ եմ: Միայն թե հենացատկի եզրափակիչի հետ կապված մտավախություն ունեմ. գուցե այնպես ստացվի, որ Արթուր Դավթյանը չմասնակցի եզրափակիչին: Որակավորման փուլում Արթուրը ցատկը լավ չկատարեց եւ մկանի խնդիր առաջացավ նրա մոտ: Ես անհանգստանում եմ, թե ինչպես է ձգված մկանով մասնակցելու: Գուցե թույլ չտամ մինչեւ վերջ մասնակցի: Առայժմ կսպասենք, որպեսզի հասկանանք՝ ինչպես է ոտքի վիճակը, հետո նոր որոշում կկայացնենք: Չեմ ուզում ռիսկի գնանք, քանի որ առջեւում Եվրոպայի առաջնությունն է, լուրջ խդիրներ ունենք մեր առջեւ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ աշխարհի գավաթի փուլերը օլիմպիական վարկանիշային են, ըստ բոլոր 8 փուլերում մարզիկների հավաքած միավորների խաղարկվելու են 2020թ․ Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում