23:37  ,  22 մարտի, 2019

NEWS.am Sport-ը՝ Սարաեւոյից․ Հայ երկրպագուները երգում են Հայաստանի հավաքականի մարզմանը (ֆոտո)

Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը ներկա էին նաեւ ՖԱՖ երկրպագուների շարժման ներկայացուցիչները, Սարաեւոյից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանից ժամանած մոտ 20 երկրպագուներ «Գրբավիցա» ստադիոնում երգերով ու տարբեր վանկարկումներով աջակցում էին հայ ֆուտբոլիստներին, որոնք պատրաստվում են Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմանը: Սարաեւոյում ՖԱՖ-ին միացել է նաեւ Բելգիայում բնակվող Սպարտակ Ադամյանը, որը Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում դաշտ էր ներխուժել Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով