21:51  +04,  22 մարտի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց. Յուրա Մովսիսյանի ներկայությունը շատ կարեւոր է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Սարաեւոյում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման մասին, Սարաեւոյից, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կփորձենք միասնական լինել դաշտում եւ թիմային ֆուտբոլ խաղալ մեծ ցանկությամբ, կփորձենք սխալներ թույլ չտալ եւ օգտագործել մեր շանսերը: Բոլոր խաղացողները պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները: Եթե կարողանանք խաղալ մեր լավագույն խաղը, ապա կարող ենք նաեւ հասնել դրական արդյունքի: Եթե հաշվի առնենք իմ անցած մարզչական ուղին, ապա սա, կարելի է ասել, որ իմ կարիերայի գլխավոր փորձությունն է:

Գուցե մրցակիցը ֆավորիտ է համարվում, բայց հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում: Այսօր հաղթում են ոչ միայն շատ հարձակվող թիմերը, այլեւ այն թիմերը, որոնք քիչ են սխալվում: Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը բոլոր դիրքերում էլ ունի ընդգծված առաջատարներ եւ, երեւի, անիմաստ է նշել Պյանիչի եւ Ջեկոյի մասին, բայց մենք եւս ունենք այդ մակարդակի ֆուտբոլիստ: Ես չեմ ասում, որ ֆավորիտներ չեն լինում, պարզապես ֆավորիտները ոչ միշտ են հաղթում:

Թիմը շատ լավ է մարզվել: Բոլորն ունեն մեծ ցանկություն: Ցավոք, Արսեն Բեգլարյանը վնասվածք ստացավ, իսկ մյուս բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին:

Յուրա Մովսիսյանի գալու մասին կասեմ, որ նրա անձը թիմում շատ կարեւոր է, քանի որ թիմը պետք է միասնական լինի: Հոգեբանական առումով նրա ներկայությունը շատ կարեւոր է եւ վստահություն կհաղորդի երիտասարդներին: Հույս ունեմ, որ Յուրան առաջիկայում ակումբ կունենա եւ անպայման կհրավիրվի ազգային հավաքական:

Միշտ ասել եմ, որ սերնդափոխությունը լավ արդյունքի չի բերի, եթե դա արվի արհեստական: Ես եւս ցանկանում եմ, որ մեր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները շուտ ընդգրկվեն հավաքականում եւ օգտակար լինեն ազգային թիմին: 

Արմեն Մանուչարյանին տեսնում եմ եզրում: Կարծում եմ, որ նա իր լավագույն որակները կարողանում է ցուցադրել եզրերում: Արտակ Եդիգարյանի մասին կասեմ, որ նա կարողանում է իր աշխատանքը կատարել ցանկացած դիրքում: Կարծում եմ՝ Եդիգարյանի խաղային դիրքը հենակետայինի գոտին է:

Մեր ֆիզպատրաստության մարզիչը բոլոր խաղացողների վիճակը գնահատում է սարքավորումներով եւ նա լավ է գնահատել բոլորի վիճակը, այդ թվում՝ Արաս Օզբիլիսի եւ Գեւորգ Ղազարյանի»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45: Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ:

Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ