20:06  ,  22 մարտի, 2019

Խինես Մելենդես. Հայաստանում ստացած սերն ու հարգանքը ստիպում են երջանիկ լինել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը մարտի 22-ին նշում է ծննդյան 69-րդ տարեդարձը: Իսպանացի հանրահայտ մասնագետն այս օրերին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հետ Սարաեւոյում է, որտեղ ազգային թիմը մարտի 23-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում կհյուրընկալվի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին:

Իր ծննդյան օրը Խինես Մելենդեսը Սարաեւոյում հանդիպեց հայ լրագրողների հետ եւ խոսեց առաջիկա խաղից ու տարբեր թեմաներից, Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի առաջիկա խաղի մասին:

Իհարկե, շատ բարդ հանդիպում է: Երբ մրցաշարը նոր է մեկնարկում, միշտ կա անորոշություն: Այս մակարդակի մրցաշարերում գլխավոր նպատակն ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է: Շատ կարեւոր է, որ 4-5 խաղերից հետո ունենաս հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր: Թիմը լավ է աշխատում եւ լավ վիճակում է: Հույս ունենք, որ վաղվա խաղում կհասնենք հաջող արդյունքի:

Ըստ Ձեզ՝ ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը կարող է հաջողության հասնել Բոսնիա-Հերցեգովինայի պես ուժեղ մրցակցի դեմ խաղում:

Այդ հարցի պատասխանը գիտի թիմի գլխավոր մարզիչը: Թիմն այս մեկ շաբաթվա ընթացքում կատարել է լուրջ աշխատանք եւ պատրաստ է հանդիպմանը: Այժմ պետք է զինվենք համբերությամբ եւ տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում խաղադաշտում: Մարզչական շտաբը շատ լավ է պատրաստվել այս խաղին: Մեզ նաեւ մարզական բախտն է պետք դրական արդյունքի հասնելու հարցում: Ես այսպիսի իրավիճակներում բազմիցս եղել եմ, եւ հաջողության գործոնը մեծ դերակատարում է ունեցել: Շատ կարեւոր է, որ մինչեւ վերջ պահպանենք հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Մեզ բաժին է հասել բարդ խումբ, սակայն պայքարելու ենք մինչեւ վերջ:

Պարոն Մելենդես, դուք թիմի հետ ժամանել եք մրցավայր: Արտագնա խաղերում ո՞րն է Ձեր գլխավոր առաքելությունը: Ի՞նչ հարցերով եք խորհրդակցում մարզիչի հետ, խորհուրդներ տալի՞ս եք մարտավարության կամ մեկնարկային կազմի հարցում:

Որպես տեխնիկական տնօրեն՝ ես պարզապես պետք է համագործակցեմ մարզչական շտաբի հետ եւ, իհարկե, օգնեմ խորհուրդներով, եթե ինձ հարցնեն: Սակայն գլխավոր մարզիչն է այն մարդը, որը պետք է գաղափար ունենա խաղի մասին ու իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Հայաստանի հավաքականի մարզիչը շատ լավ պատրաստված լավ մասնագետ է, նրան դուր է գալիս ժամանակակից ֆուտբոլը: Շատ եմ համագործակցում նրա հետ եւ, կարծում եմ, որ մենք նման ենք մոտեցումներով:

Պարոն Մելենդես, այսօր դարձաք 69 տարեկան: Կհիշե՞ք այս ընթացքում ձեր ամենահիշարժան ծննդյան տարեդարձը:

Երջանիկ պահեր միշտ էլ եղել են: Կարծում եմ՝ ամեն տարի քեզ երջանիկ ես զգում ծննդյանդ տարեդարձի օրը: Չնայած նրան, որ ես հեռու եմ տանից, շատ երջանիկ եմ այսօր, քանի որ մեծ սեր ու հարգանք եմ ստանում ոչ միայն ֆեդերացիայի աշխատակիցներից, այլեւ բոլոր մարդկանցից: Երբեմն մտածում եմ, որ ժամանակին կարելի էր ավելի շուտ լսել Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինային, որը Ֆուտբոլի ակադեմիայի բացվելուց հետո ինձ ասել էր, որ անպայման պետք է գամ Հայաստան: Երբեք չէի մտածում, որ աշխատանքի կգամ Հայաստան, բայց գուցե հասունացավ այդ պահը, որ պետք է աշխատեի ՀՖՖ-ի համար: Դրանից հետո ճանաչեցի Արմեն Մելիքբեկյանին, իսկ մնացածն արդեն գիտեք: Ես շատ գոհ եմ: Կարող էի վարձել շատ լավ բնակարան, սակայն ես ապրում եմ Ֆուտբոլի ակադեմիայում: Գերադասում եմ ապրել այն վայրում, որը մոտ է խաղադաշտերին եւ ճաշել երեխաների հետ: Հավաքականների համար կազմակերպելու ենք անգլերենի դասեր, եւ ազատ ժամերին նրանք պետք է անպայման սովորեն: Պետք է օգնենք նրանց կրթվել կյանքի համար: Երբ երեխաները գալիս են Ֆուտբոլի ակադեմիա, ես միշտ հարցնում եմ, թե ինչպես են նրանք սովորում դպրոցում:

Դուք ներկա եք լինում նաեւ Հայաստանի առաջնության խաղերի: Ի՞նչ տպավորություններ ունեք:

Դիտել եմ 5-6 խաղ եւ, իհարկե, տեսել եմ տարբերություն: Խաղադաշտերի որակն այնքան էլ չի նպաստում լավ խաղին: Բնական խոտածածկով խաղադաշտում այլ խաղ է ընթանում: Բնական խոտածածկը նպաստում է լավ խաղի, իսկ արհեստական խոտածածկով դաշտերում այլ է: Հայաստանում դիտել եմ հետաքրքիր խաղեր:

Պարոն Մելենդես, շնորհակալ ենք, որ Ձեր ծննդյան օրը ժամանակ հատկացրեցիք մեզ: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ եւ հաջողություններ մաղթում հայկական ֆուտբոլում ու անձնական կյանքում

Շատ շնորհակալ եմ: Կարծում եմ, որ մենք դեռ պետք է ճաշենք միասին: Շատ կցանկանայի հրավիրել ձեզ ճաշի եւ խոսել ֆուտբոլից՝ առանց տեսախցիկների: Պետք բոլորս լինենք ավելի համախմբված եւ միասին շարժվենք առաջ: Կընտրենք այդ օրը, բայց միակ խնդիրն այն է, որ ես չգիտեմ հայերեն: Սակայն ֆուտբոլն ունի մեկ լեզու:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում