Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ու հայ երկրպագուներն արդեն Սարաեւոյում են։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կպատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ։
Հավաքականի հետ Բոսնիայի մայրաքաղաք են մեկնել նաեւ NEWS.am Sport-ի թղթակիցներ Դավիթ Եղիազարյանն ու Սամվել Սուքիասյանը, որոնք ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում են, թե ինչ պայմաններում են հայ ֆուտբոլիստներն ու երկրպագուներն անցկացնելու առաջիկա երեք օրը։
Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում Հայաստանի հավաքականը հանգրվանել է Radon plaza հյուրանոցում: Մարտի 21-ին մարզում նախատեսված չէր, իսկ վաղը հայկական թիմը նախախաղային մարզում կանցկացնի Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում:
Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:
Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:
J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:
NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում