00:36  ,  21 մարտի, 2019

Անչելոտի․ Զիդանը չի կարող պատասխանատու լինել այս մրցաշրջանում «Ռեալի» արդյունքի համար

Զինեդին Զիդանը չի կարող պատասխանատու լինել այս մրցաշրջանում «Ռեալի» արդյունքի համար, ասել է Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ, այժմ իտալական «Նապոլին» գլխավորող Կարլո Անչելոտին՝ խոսելով ֆրանսիացի մասնագետի վերադարձի մասին։ Զիդանը եղել է նաեւ Անչելոտիի օգնականը «Ռեալում»։

«Զիդանը գիտակցված որոշում է ընդունել, եւ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում նրա համար։ Նա չի կարող պատասխանատու լինել այս մրցաշրջանում «Ռեալի» արդյունքի համար, ոչ ոք նրանից ոչինչ չի կարող պահանջել հիմա։ Լավ է, որ նա հիմա է վերադարձել, քանի որ ունի ժամանակ հաջորդ մրցաշրջանին պատրաստվելու համար։

Զիդանն ու «Ռեալը» իդեալական զույգ է։ Նրանք ստեղծված են իրար համար։ Ես վստահ եմ, որ այդ միությունը դարձյալ կաշխատի։ Հաջորդ մրցաշրջանում բոլորը պետք է զգուշանան «Ռեալից» Իսպանիայում եւ Եվրոպայում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է France Football-ը։

Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորել է 2013-2015 թվականներին՝ 2014-ին նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթները, աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում