23:53  ,  20 մարտի, 2019

Հակոբ Սերոբյանը՝ Դոհայից․ Հայ մարմնամարզիկները հրաշալի հանդես եկան

Դոհայում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ փուլ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Քաթարի մայրաքաղաքից ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթի հերթական փուլը օլիմպիական վարկանիշային է: Հայաստանը հանդես է գալիս 4 մարզիկով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան եւ Արթուր Թովմասյան:

«Մարտի 20-ին կայացել է նժույգի վարժության որակավորման փուլը, որում մեր առաջատար Հարություն Մերդինյանը երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Կայացել է նաեւ օղակների վարժության որակավորումը, որտեղ Վահագն Դավթյանը՝ 2-րդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ 3-րդ տեղով դուրս են եկել եզրափակիչ փուլ: Տղաները հրաշալի հանդես եկան եւ նրանց արդյունքները գոհացնող են: Մարտի 21-ին տեղի կունենա հենացատկի որակավորման փուլը, որում կմասնակցի մեր ուժեղագույն Արթուր Դավթյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ աշխարհի գավաթի փուլերը օլիմպիական վարկանիշային են. ըստ բոլոր 8 փուլերում մարզիկների հավաքած միավորների խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր Տոկիո-2020-ի համար: Սակայն հայ մարզիկները մասնակցելու են 8 փուլերից 4-ին: Փուլերից երկուսը տեղի է ունենալու Բաքվում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում