18:44  ,  18 մարտի, 2019

Արթուր Գեւորգյան․ ՀԲՖ նախագահի նոր ընտրության մասին խոսք լինել չի կարող

Քանի դեռ ԱԻԲԱ-ն չի պատասխանել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նամակ-պահանջին եւ անձամբ ֆեդերացիային չի դիմել նոր ընտրություններ անցկացնելու համար, չի լինելու ոչ մի ընտրություն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը նամակով դիմել էր ԱԻԲԱ-ին, հայկական բռնցքամարտում առկա խնդրի վերաբերյալ միջազգային կառույցի պաշտոնական դիրքորոշումն ստանալու նպատակով: Ըստ ԱԻԲԱ-ի պատասխանի՝ 3 ամսվա ընթացքում կրկին պետք է անցկացվեն նախագահի ընտրություններ, ինչի վերաբերյալ ՀԲՖ նախագահը հիմնավորում է պահանջում: Այս ամենի ֆոնին, բռնցքամարտի Հայաստանի հավաքականները շարունակում են մրցելույթներն ու նվաճումները խոշոր մրցաշարերում: Վլադիկավկազում տեղի ունեցած մինչեւ 22 տարեկանների առաջնությունում կանանց հավաքականի առաջատար, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ: Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց եւս 4 մեդալ՝ 1 արծաթե եւ 3 բրոնզե:

«Բռնցքամարտիկները բոլոր ժամանակներում ամենահաջողված ելույթներն են ունենում: Օրինակ՝ երիտասարդներում, բոլոր մարզաձեւերը միասին գումարած բռնցքամարտիկների չափ մեդալ չեն նվաճել: 5 մեդալը ֆանտաստիկ արդյունք է: Սպասում էի, որ նոր սերունդն իր խոսքն ասելու է անպայման: Այս 5 մեդալը թիմային մեծ աշխատանքի արդյունք է, որն անպայման ժամանակի ընթացքում տալու էր իր պտուղները: Այնպես որ պրոֆեսորների վայրահաչոցները, թե օլիմպիականներ չեն տեսնում մեր հավաքականներում, միայն պրոֆեսիոնալների վրա է ֆեդերացիայի շեշտադրությունը, զուտ ենթադրությունն են: Սա մեր հնից մնացած ժառանգությունը չէ, մեր ուժեղագույները չեն, մեր անվանի տղաները չեն, այլ լրիվ նոր սերունդ: Այսինքն՝ սա ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունքն է»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահին գոհացնում են 5 մեդալները, մասնավորապես Անուշ Գրիգորյանի ոսկե մեդալը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի բրոնզե մեդալը:

«Անուշ Գրիգորյանի անցումը երիտասարդներից մեծահասակներ, հոգեբանական խնդիրներ առաջացրեց նրա մոտ, դրանից հետո վնասվածքը նրան խանգարեց: Բայց մարզիչների ճիշտ աշխատանքի եւ մարտավարության արդյունքում մարզուհուն կարողացանք աստիճանաբար բերել լավագույն մարզավիճակին: Անուշիկը հոգեբանորեն պատրաստ է այս ոգով շարունակել, իսկական հաղթողին վայել բնավորություն ունի, նրան ուղղակի ժամանակ էր պետք հաստատվել մեծահասակներում: Այս հաղթանակը խթան կհանդիսանա հոգեբանական արգելքը հաղթահարելոց հետո էլ ավելի լավ իրեն դրսեւորելու եւ շարունակելու համար: Անուշ Գրիգորյանին հնարավորություն կտրվի օլիմպիական ուղեգրի համար պայքարել:

Անի Հովսեփյանը եւս ուրախացրեց իր արծաթե մեդալով: Անին լավ բռնցքամարտիկ է: Նա ուներ լուրջ հոգեբանական խնդիրներ: Երկար ժամանակ պահանջվեց, որ զրույցների, հոգեբանի աշխատանքի միջոցով հնարավորինս հաղթահարելի դառնան նրա բարդույթները: Նրան պետք էր օգնել՝ կարողանալ արտահայտել եւ ի ցույց դնել իր գիտելիքները ռինգում՝ մրցումների ժամանակ: Մարզումների ժամանակ նա փայլում է, որակները հրաշալի են, բայց դա չէր կարողանում արտահայտել ռինգում: Այս առաջնությունում փայլուն հանդես եկավ: Եզրափակիչում բարդ մրցակցի հանդիպեց կամ գուցե բավարարվեց արծաթով, չհավատաց իր ուժերին: Ամեն դեպքում մարզիչները դեռ շատ աշխատանք ունեն անելու նրա հետ:

Տղաների մասով՝ նրանց մրցելույթները գնահատում եմ շատ բարձր: Գրեթե բոլորի կիսաեզրափակիչներում որոշակի կասկածելի արդյունքներ եղան: Բայց հաշվի ենք առնում այն փաստը, որ ռուս մրցակիցներն իրենց երկրում էին եւ նորմալ էր, որ հաղթանակները նրանց տային: Օրինակ՝ 60 կգ քաշում հավասար մենամարտ էր, բայց հաղթանակը տվեցին ռուսին: Նույնը եւ գերծանր քաշում՝ երկու հաղթանակ տոնելուց հետո, երրորդ ռաունդում հաղթանակն ուղղակի ձեռքից բաց թողնել եւ զիջել մրցակցին: Վերջին ռաունդի տպավորությամբ հաղթանակը զիջեց: Բայց չեմ դժգոհում, քանի որ գերծանր քաշում մենք վաղուց չունեինք ներկայացուցիչ եւ մեդալ. նա իսկական գանձ է: Երեք բրոնզը շատ գովելի է»,- նշեց ՀԲՖ նախագահը:

Անդրադառնալով ՀԲՖ նախագահի ընտրությունների շուրջ ընթացող անհամաձայնություններին, ըստ Արթուր Գեւորգյանի, վերջին 5 տարիների, այդ թվում՝ Մ22 Եվրոպայի առաջնության մեդալը փաստում են իր գլխավորած ֆեդերացիայի գործունեության, արդյունավետ աշխատանքի մասին:

«Մեր մեդալները, հաղթանակները միշտ են եղել: Վերջին 5 տարիներում ցույց տված արդյունքները բռնցքամարտի պատմության լավագույն ցուցանիշներն են եղել: Մեր այս հաջողությունները, բավական չէ, չեն ուզում նկատել, դեռ մի բան էլ՝ ուզում են փչացնել: Փորձում են մի շարք գործողություններ անել, որպեսզի բռնցքամարտիկները չհաջողեն միջազգային մրցաշարերում, որպեսզի իրենց լեզուն երկար լինի: Իրենց կապերով փորձում են դուրսը միջամտել, որպեսզի մեր տղաները հաջողություններ չունենան ու որ իրենք խոսելու տեղ ունենան: Քանի դեռ մենք չենք ազատվել նման մարդկանցից, հայկական սպորտը չի կարող մեծ հաջողություններ գրանցել: Մենք միակ ֆեդերացիան ենք, որ անկախ ենք, որեւէ մեկի տիրապետության տակ չենք գործում, ֆինանսապես անկախ ենք եւ որեւէ մեկի աջակցության կարիքը չունենք ու գրանցում ենք բացարձակ հաջողություններ:

Ինչ վերաբերում է սպորտի փոխնախարարի՝ ԱԻԲԱ-ից ստացած նամակին, որտեղ պահանջվում է նոր ընտրություններ անցկացնել, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչինչ չի պատրաստվում անել: Մենք հարցում ենք ուղարկել ԱԻԲԱ-ին, որում հիմնավորում ենք պահանջել, թե ինչ հիմքերով են նոր ընտրություններ պահանջում: ԱԻԲԱ-ն հրաժարվել է պատասխանել եւ չկա որեւէ ընտրության մասին խոսք: Մեր հարցման մեկ ամիսը լրացել է, իսկ պատասխանը չկա, դա նշանակում է՝ նոր ընտրության մասին խոսք լինել չի կարող: Երբ ԱԻԲԱ-ն հիմնավոր կպատասխանի մեր նամակին եւ կնշի, թե ինչ հիմքերով է պահանջում նոր ընտրություն, մենք կանցկացնենք այն, ինչին ես բացարձակ դեմ չեմ»,- շեշտեց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով