12:40  ,  18 մարտի, 2019

Մեսին ռեկորդ է սահմանել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ռեկորդակիր է դարձել կատալոնական ակումբում հաղթանակների ցուցանիշով: «Բետիսի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի խաղում (4:1) Մեսին 477-րդ հաղթանակն է տարել «Բարսելոնայում»: Այդ ցուցանիշով 31-ամյա արգենտինացին գերազանցեց լեգենդար Չավիին, որը 767 խաղում տարել է 476 հաղթանակ, փոխանցում է Opta-ն:

Մեսին 674-րդ հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայում» եւ կրկնել իսպանացի Անդրես Ինյեստայի ցուցանիշը: Նրանց գերազանցում է միայն Չավին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին 26 խաղում դարձել է 29 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ կատալոնացիների գլխավոր թիմում խաղում է 2004-ից: «Բարսելոնայի» կազմում նա դարձել է 589 գոլի ու 238 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում