12:05  ,  16 մարտի, 2019

ՀԹՖ փոխնախագահ․ Սպորտի նախարարությունում ինձ համոզեցին այս շաբաթ չանցկացնել Հայաստանի առաջնություն

Հայաստանի առաջնությունը չի կայանալու: Նախարարությունում ինձ բառացիորեն համոզեցին, որ այս շաբաթ չանցկացնենք: Հետաձգվում է հաջորդ շաբաթ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

«Հայաստանի առաջնությունը չի կայանալու: Հետաձգում ենք մեկ շաբաթով: Սպորտի նախարարությունում ինձ ժամեր շարունակ համոզեցին, որ ես այն հետաձգեմ։ Բառացիորեն համոզել են: Ասում են՝ մեկ շաբաթով հետաձգենք, որպեսզի հնարավորություն տանք այն կողմի մարզիկներն էլ մասնակցեն»,- նշեց Վարդան Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում պետք է մեկնարկեր թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը: Ֆեդերացիայի շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով Հայաստանի առաջնությունը բոյկոտել էին տարբեր ակումբների մարզիկներ՝ այդ կերպ խոչընդոտելով առաջնության անցկացումը:

ՀԹՖ «Հրավանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը մարտի 15-ին NEWS.am Sport-ի հետ հարցազրույցում դիմել էր Սպորտի նախարարությանը՝ հորդորելով անվավեր ճանաչել Հայաստանի առաջնության արդյունքները, քանի որ մի շարք առաջատար մարզիկներ մասնակցության հայտ չէին ներկայացրել՝ համարելով ֆեդերացիայի գործունեությունն անօրինական:

Վրեժ Խաչիկյանի դիմումից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպեց Վարդան Ղահրամանյանին, որը հաստատեց առաջնության կայացումը: «Առաջնությունը կայանալու է: Ամեն ինչն էլ լինելու է: Մարտի 16-ին ժամը 10:00-ից «Դինամո» մարզահամալիրում կսկսենք մեր մրցումները»,- ասել էր Վարդան Ղահրամանյանը:

Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն NEWS.am Sport-ի հետ զրույցում արձագանքեց հայկական թաեքվոնդոյում ստեղված լարված իրավիճակին:

«Հայաստանի սպորտի նախարարությունը չի ճանաչի թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքները եւ չի հաստատի առաջնության հաշվետվությունը, եթե մարտի 16-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունում լինի բոյկոտող կողմ: Ֆեդերացիայի գործունեությունից դժգոհող կողմը եւս ունի լավ մարզիկներ եւ նրանք էլ իրավունք ունեն մասնացել Հայաստանի առաջնությանը:Նախարարությունը պահանջում է, որ լինի նախ ֆեդերացիայի նախագահի ու ղեկավար կազմի ըտրություն, հետո նոր ներքին առաջնություն»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Սպորտի նախարարության հայտարարությունից հետո թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը հետաձգվեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով