15:40  ,  15 մարտի, 2019

Վրեժ Խաչիկյան. Հորդորում ենք թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունն անվավեր ճանաչել

Խնդրում եւ հորդորում ենք Հայաստանի սպորտի նախարարությանը մարտի 16-ին մեկնարկելիք թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունն անվավեր ճանաչել, քանի որ այն անցկացվում է ոչ լեգիտիմ գոծունեություն ծավալող ֆեդերացիայի ղեկավար կազմի կողմից, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի առաջնությանը մասնակցության հայտ չեն ներկայացրել եւ բոյկոտում են լավագույն մարզիկներն ու գործող չեմպիոնները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի «Հվարանգ» ակումբի նախագահ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, Վրեժ Խաչիկյանը:

2019 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում պետք է տեղի ունենար նոր նախագահի ընտրություն: Սակայն նույն օրը ֆեդերացիան հայտարարություն տարածեց ընտրությունների հետաձգման մասին՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Ըստ ֆեդերացիայի ղեկավար կազմի դեմ բողոքող ակումբների նախագահների, հետաձգման պատճառը ֆեդերացիայի ներկայացրած նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ ձայների հավանական պակասն էր, ըստ որի էլ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեց անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 4-ից ավարտվել է նախկին նախագահ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման լիազորությունները: Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է, Էջմիածնի նախկին քաղաքապետը:

Մարտի 16-ին Երեւանի «Դինամո» մարզահաամալիրում մեկնարկում է թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որը կազմակերպվում եւ անցկացվում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխանախագահ, ֆինանսական գծով տնօրեն Վարդան Ղահրամանյանի եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի նախաձեռնությամբ: Գործող ղեկավար կազմից դժգոհող կողմը որոշել է բոյկոտել Հայաստանի առաջնությունը, որպեսզի այն տեղի չունենա մինչեւ նոր նախագահի ընտրությունների անցկացումը:

«Նախարարությունը հաստատել եւ ֆինանսավորել է ոչ լեգիտիմ ֆեդերացիային՝ Հայաստանի առաջնություն անցկացնելու համար: Բայց «Հրավանգ», «Տորք», «Օլիմպիկ», «Վամկ Սասուն» Աբովյանի մարզադպոցի սաները մարզիչների եւ մարզիկների որոշմամբ հրաժարվել են մասնակցել Հայաստանի առաջնությանը: Այս ակումբների սաները մեր առաջատար մարզիկներից են. Սերգեյ Վարդազարյանը («Տորք» ակումբ), Արսեն Գրիգորյանը, Գարեգին Մախմուրյանը («Օլիմպիկ» ակումբ), Լեոնիդ Հարությունյանը, Սուրեն Այդինյանը, Արցախից Հայկ Խաչատրյանը եւ այլք: Այս մարզիկները Հայաստանի բազմակի եւ նաեւ գործող չեմպիոններն են: Հաստատում եմ, որ հայկական թաեքվոնդոյի լավագույն մարզիկների սերուցքը հրաժարվել են հայտ ներկայացնել Հայաստանի առաջնությանը, համարելով ֆեդերացիայի գործունեությունը ոչ լեգիտիմ՝ իր ինքնակոչ փոխնախագահով եւ հավաքականի գլխավոր մարզիչով: Քանի որ 2018 թվականից ֆեդերացիայի ղեկավար կազմի լիազորություններն ավարտվել են եւ ըստ կանոնադրության ֆեդերացիան պարտավորվում է 4 տարին մեկ հրավիրել խորհրդի նիստ եւ ընտրել նոր նախագահ ու ղեկավար կազմ, մենք համարում ենք, որ Հայաստանի առաջնություն անցկացնելն անօրինական է, մասավորապես այն պարագայում, երբ տվյալ ֆեդեացիայի վրա հարուցված է քրեական գործ:

Օրինական ճանապարհն այն է, որ Հայաստանի առաջնությունը չպետք է անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ ֆեդերացիայում նոր նախագահի ու ղեկավար կազմի ընտրություններ չեն կայացել:

Դիմում ենք Հայաստանի սպորտի նախարարությանն ի դեմս նախարար Գաբրիել Ղազարյանին, որպեսզի միջամտի նմանատիպ անօրինական առաջնության անցկացումը, հիմք ընդունելով այն, որ բազմաթիվ մարզիկներ, հատկապես այն մարզիկները, որոնցից ակնկալում ենք Տոկիո-2020–ի Օլիմպիական խաղերի ուղեգրեր եւ արդյունքներ, չեն մասնակցում։ Քանի որ Սպորտի նախարարությունը ֆինանսավորում է, նա նաեւ պարտավոր է ի շահ մարզիկների, կոչ անել, հորդորել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիային ու նրա ոչ օրինական ղեկավար կազմին, չանցկացնել Հայաստանի առաջնություն: Հակառակ դեպքում մենք բոլոր մարզիկներով, մարզիչներով եւ ծնողներով կբոյկոտենք եւ ամեն գնով թույլ չենք տա, որպեսզի կայանա առաջնությունը: Եթե ամեն դեպքում կայանա առաջնությունը, դիմում ենք Սպորտի նախարարությանը՝ չճանաչել արդյունքները եւ չընդունի դա որպես վերջնական արդյունք»,- ասաց Վրեժ Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով ֆեդերացիայի գումարների յուրացման, խմբակային խարդախության մեղադրանքներով: Գործը հարուցված է ՀԹՖ գործող ղեկավարության նկատմամբ, ի դեմս՝ ֆեդերացիայի փոխնախագահ Վահրամ Ղահրամանյանի եւ թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով