10:04  ,  14 մարտի, 2019

Սլավիկ Հայրապետյան. Աշխարհի առաջնությունում հանդես կգամ նույն ծրագրով

Ունիվերսիադայի կարճ ծրագրի միավորները ռեկորդային էին ինձ համար, բայց կարող եմ ավելին, դա իմ «մաքսիմումը» չէր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար գեղասահորդ, միջազգային մրցաշարերի տղամարդկանց պայքարում Հայաստանի միակ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը:

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացված Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 9-րդ տեղը, իսկ գեղասահքի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանն 8-րդն էր:

Մեկշաբաթյա ընդմիջումից հետո գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 18-24-ը Ճապոնիայի Սայտամա քաղաքում:

Սլավիկ, Ունիվերսիադայում գրավեցիր 9-րդ տեղը: Ի՞նչ գնահատական կտաս քո մրցելույթներին:

Գոհ եմ 9-րդ տեղի արդյունքից: Ինձ համար սա լավ արդյունք էր: Նպատակս լավագույն տասնյակում ընդգրկվելն էր: Իմ առջեւ դրված խնդիրը լուծեցի:

Կարճ ծրագրից հետո 78.73 միավորով 8-րդ տեղում էիր: Դա քո հնարավորությունների առավելագո՞ւյնն էր, թե՞ կարող էիր ավելին:

Կարճ ծրագրի միավորներն ինձ համար իրականում ռեկորդային էին: Բայց սա դեռ իմ հնարավորությունների առավելագույնը չէ:

Ազատ ծրագրում գրանցեցիր 10-րդ արդյունքը: Ի՞նչը խանգարեց բարձր միավորներ հավաքելուն:

Երեւի, ազատ ծրագրում ինձ խանգարեց ժամանակից շուտ լիցքաթափվելը: Գիտեի, որ պատրաստ եմ, եւ մի քիչ թուլացրեցի ինձ:

Մինսկում հունվարին կայացած Եվրոպայի առաջնությունում քեզ չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ: Ի՞նչն էր անհաջող ելույթիդ պատճառը:

Իրականում, չեմ կարող ասել, թե ինչու ձախողեցի Եվրոպայի առաջնությունը: Ես լիարժեք պատրաստ էի, բայց չգիտեմ՝ ինչու չստացվեց:

Սլավիկ, անհաջող ելույթները հոգեբանորեն կոտրու՞մ են քեզ, թե՞ ստիպում դառնալ ավելի ուժեղ:

Առհասարակ, շատ կոտրում են, սակայն իմ կողքին ունեմ հարազատներ, ընկերներ, ովքեր այդ պահերին միշտ կողքիս են, ինձ ուժ են տալիս, օգնում ոտքի կանգնել եւ առաջ շարժվել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատում են ինձ:

Առջեւում աշխարհի առաջնությունն է: Որտե՞ղ ես մարզվելու եւ ի՞նչ մարզումային փուլ ես անցնելու առաջնությունից առաջ:

Արդեն վերադարձել ենք Համաշխարհային ուսանողական խաղերից: Առջեւում էլ ավելի կարեւոր մրցելույթ է սպասվում: Երեւանում մեկշաբաթյա մարզումներ կանցկացնենք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում: Նույն ծրագրերն են, փոփոխություններ չեն լինելու: Այստեղ փորձելու եմ ամեն ինչ անել իդեալական:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս