20:46  ,  13 մարտի, 2019

ՀՖՖ-ն 5 տարվա պայմանագիր է կնքել Instat-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Instat Limited ընկերության միջև կնքված նոր՝ 5-ամյա պայմանագրով նախատեսվում է տեխնիկա-տակտիկական գործողությունների վերաբերյալ ընդգրկուն ինֆորմացիայի տրամադրում Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականների (այդ թվում՝ ֆուտզալի և կանանց ազգային հավաքականների) մարզչական շտաբերին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը կստանա ֆուտբոլիստների՝ խաղերի ժամանակ կատարած ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ ամբողջական պատկեր։ Ազգային հավաքականի խաղերն այսուհետ կնկարահանվեն նաև autocrop համակարգով, որը հնարավորություն է ընձեռում ստանալ դաշտում ծավալվող իրադարձությունների ամբողջական պատկեր:

Ամբողջական վերլուծության կենթարկվեն նաև ՀՖՖ կողմից անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցաշարերի (Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Հայաստանի Գավաթ, Հայաստանի Սուպերգավաթ) բոլոր հանդիպումները։ ՀՖՖ կողմից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի մասնակից բոլոր ակումբների համար ձեռք են բերվել Instatscout համակարգի անձնական հաշիվներ, որոնց միջոցով ակումբների մարզիչները հնարավորություն կունենան ավելի պրոֆեսիոնալ կերպով վերլուծելու իրենց թիմերի և մրցակիցների ելույթները, ֆուտբոլիստների առաջադիմությունը և այլն։

ՀՖՖ պաշտոնական կայքում շուտով կտեղադրվի ՀՀ Բարձրագույն խմբի, Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների «վիճակագրական բազան», որը մեր կայքի այցելուներին հասանելի կդարձնի վերոնշյալ մրցաշարերի բոլոր հանդիպումների մասին ընդգրկուն վիճակագրական ինֆորմացիա թե՛ ակումբների և թե՛ առանձին ֆուտբոլիստների ելույթների հետ կապված։

Instat Limited-ի կողմից վերլուծության կենթարկվեն նաև ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների գործողությունները, ինչը կնպաստի մրցավարության որակի բարձրացմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում