16:33  ,  13 մարտի, 2019

«Լոկոմոտիվ». Ակումբը ֆինանսական խնդիրներ չունի

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոկոմոտիվը» հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու ակումբին չի շնորհվել Ազգային արտոնագիր:

«Մարտի 11-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների արտոնագրեր ստանալու հարցը, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը իրավունք կընձեռեն մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2019 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումը` ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

Որոշ մարզական կայքեր եղելությունը ներկայացրել են սխալ։ Մենք ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր ակումբը ֆինանսական խնդիրներ չունի և մեզ մերժել են մանկապատանեկան առաջնություններում ոչ բավարար թիմեր ունենալու պատճառով։ Ներկա պահին «Լոկոմոտիվն» ունի տարբեր տարիքային թիմեր, որոնք մարզվում են (ցավոք մենք այդ թիմերը չենք հասցրել հայտավորել ՀՀ ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար), բայց առաջնությանը հայտավորված է այդ թիմերից մեկը («Լոկոմոտիվ-01»-ը)։
Կխնդրենք լրատվամիջոցներին կեղծ տեղեկություններ չհայտնել մեր ակումբի վերաբերյալ»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեն Ազգային արտոնագիր էր շնորհել 10 ակումբների՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Բանանց ՖԱ», «Արարատ ՖԱ», «Արցախ ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և «Երևան ՖԱ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում