14:45  ,  13 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Ռենի» դեմ խաղին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արսենալը» տեղեկություն է հրապարակել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ: Հայաստանի հավաքականի ավագը ունի մեջքի խնդիրներ, իսկ «Ռենի» դեմ խաղին նրա մասնակցության հարցը կորոշվի մարտի 14-ին:

Հիշեցնենք, որ 30-ամյա Մխիթարյանը մեջքի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղը, որը կայացել էր մարտի 10-ին: «Արսենալի» ու «Ռենի» միջեւ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 14-ին Լոնդոնում։ Առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն է կրել 1։3 հաշվով։

Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում