16:32  ,  12 մարտի, 2019

Երեւանի, Էջմիածնի եւ Գյումրիի մարմնամարզիկները վիճարկում են Հայաստանի չեմպիոնի կոչումները (ֆոտո)

Հայաստանի առաջնությանը միայն երկու մարզից մասնակից ունենք, քանի որ մյուս մարզերում մարզադպրոցներ, դահլիճներ ու պայմաններ չունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: 

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 50 մարզիկ Երեւանից, Էջմիածնից եւ Գյումրիից:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են բոլոր առաջատար մարմնամարզիկները՝ աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը:

Բազմամարտի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը։

«Մոտ 55 մասնակից ունենք՝ 35 տղա, 20 աղջիկ: Այս տարի մեծ մասնակցություն ունեն երիտասարդները: Արդեն որակավորման փուլն ավարտվում է, եւ երիտասարդներն ուրախացնում են, վատ տպավորություն չունեմ: Երեւանից մասնակցում են Ալբերտ Ազարյանի, Հրանտ Շահինյանի մարզադպրոցները, Էջմիածնի եւ Գյումրիի մարզադպրոցները: Այսքան մասնակից էլ, որ ունենք, գոհ ենք: Մյուս մարզերից չունենք մասնակիցներ, քանի որ մարզերում մարզադպրոցներ, դահլիճներ չունենք; Վանաձորում ունենք դահլիճ, շատ փոքր է եւ միայն պատանիներ են մարզվում, որոնք դեռ պատրաստ չեն մեծերի հետ Հայաստանի առաջնության մասնակցել»,- ասաց Հակոբ Սերբոյանը:

Առաջնությունը կտեւի 3 օր: Մեկնարկային օրը մարմնամարզիկները մասնակցեցին նաեւ առանձին գործիքների որակավորման փուլին: Մարտի 13-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում կկայանա աղջիկների որակավորման փուլը, իսկ մարտի 14-ին՝ երզափակիչները:

Հայաստանի առաջնությանը հետեւում է եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում