15:39  ,  12 մարտի, 2019

Արսեն Ավետիսյան․ Տարիներ շարունակ ՀԹՖ-ում եղել է վախի մթնոլորտ

Տարիներ շարունակ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում վախի մթնոլորտ է եղել եւ որեւէ մեկը չի կարողացել բարձրաձայնել իր դժգոհությունները, բողոքել ֆեդերացիայի ղեկավար կազմի անօրինականություններին: Այժմ արդեն ամեն ինչ փոխվել է եւ ժամանակն է, որ ներկայացնենք՝ իրականում ինչով է զբաղվել ֆեդերացիան 12 տարի շարունակ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վաստակավոր մարզիչ, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Տորք» ակումբի նախագահ Արսեն Ավետիսյանը:

2019 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում պետք է տեղի ունենար նոր նախագահի ընտրություն: Սակայն նույն օրը ֆեդերացիան հայտարարություն տարածեց ընտրությունների հետաձգման մասին՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Ըստ ֆեդերացիայի ղեկավար կազմի դեմ բողոքող ակումբների նախագահների, հետաձգման պատճառը ֆեդերացիայի ներկայացրած նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ ձայների հավանական պակասն էր, ըստ որի էլ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեց անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունը:

 Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 4-ից ավարտվել է նախկին նախագահ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման լիազորությունները: Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է, Էջմիածնի նախկին քաղաքապետը: Ֆեդերացիայի ենթակայության տակ գործող մի շարք ակումբներ դժգոհ են ղեկավար կազմից եւ նպատակ ունեն իրենց թեկնածուով հանդես գալ նախագահի ընտրություններում:

«Ֆեդերացիայի ենթակայության տակ գործող 8 ակումբներ, որոնք օրենքով իրավունք ունեն մասնակցել ընտրությանը եւ մասնակցել քվեարկությանը, դեմ են ֆեդերացիայի ղեկավարության կողմից ներկայացվող նախագահի թեկնածուին: Իրենց թեկնածուով Վարդան Ղահրամանյանը (ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար) եւ Գեւորգ Դանիելյանը (հավաքականի գլխավոր մարզիչ) փորձում են իրենց դիրքն ու պաշտոնները պահպանել ֆեդերացիայում եւ իրենց անօրինական գործունեությունը ծավալել: Մենք ունենք մեր թեկնածուն, նախկին թաեքվոնդոիստ, հիմա Մոսկվայում բնակվող գործարար Ահարոն Պապիկյանն է, որը սիրով համաձայնել է գլխավորել ֆեդերացիան, եթե իրեն ընտրենք: Նա պատրաստ է նաեւ մեծ ֆինանսական ներդրումներ կատարել հայկական թաեքվոնդոյում՝ մինչեւ 21 միլիոն դրամ, որքան կազմում է մեր բյուջեն:

Այժմ ֆեդերացիայի ենթակայության տակ կա գործող 8 ակումբ: Վարդան Ղահրամնյանն ու Գեւրոգ Դանիելյանը ընտրություններից առաջ հայտագրել էին եւս 5 ակումբ, որոնք գործող չեն եւ փորձում էին այդ չգործող ակումբներով իրենց ցանկալի քվեները ստանային:

Ընտրությունների մասնակից անդամների կազմ գոյություն չունի, նախագահության ցուցակ չունեն: Նախկինում որեւէ մեկը չի հետեւել այս կանոնակարգին, ընտրություններին մասնակցել են 15 մարզիչ, 60 երկրապահներով եւ իրենց ուզած մարդուն էլ ընտրել են: Այս ընտրություններում սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին ներկայացրել են 8 գործող ակումբների մասնակցության հայտն ու եւս 5 ակումբի անուն, որոնք այս պահին չեն գործում, փաստացի Հայաստանի առաջնություններին չեն մասնակցում, մարզիկ չունեն: Գիտակցելով, որ մենք՝ այս 8 ակումբերով կարող ենք չքվեարկել իրենց ներկայացրած թեկնածուի օգտին, իրենց ունեցած ձայները չբավականացնի, ադ պատճառով հետաձգել են: Եվ այսպես դեռ պարզ չէ, որքան մեր ֆեդերացիան առանց նախագահ գոյություն կունենա: Փաստացի, այժմ ֆեդերացիան անօրինական գործունեություն է ծավալում, սպորտի նախարարության կողմից էլ շարունակվում է ֆինանսավորվել: Արհեստական ձգում են ընտրությունները: Իրենց ձեռնատու է այս իրավիճակը, որ հետագայում մեղքը բարդեն մեր վրա:

Մարտի 16-ին որոշել են Հայաստանի առաջնություն անցկացնել: Մենք այս 8 ակումբներով որոշել ենք բոյկոտել եւ չմասնակցել, թույլ չտալ, որ այդ առաջնությունը տեղի ունենա: Առանց մեզ իրենք չեն կարող անցկացնել Հայաստանի առաջնությունը, քանի որ Հայաստանի առաջատար մարզիկները, որոնք հավակնում են օլիմպիական վարկանիշների, մեր ակումբներից են»,- ասաց Արսեն Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով ֆեդերացիայի գումարների յուրացման, խմբակային խարդախության մեղադրանքներով: Գործը հարուցված է ՀԹՖ գործող ղեկավարության նկատմամբ, ի դեմս՝ ֆեդերացիայի փոխնախագահ Վահրամ Ղահրամանյանի եւ թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի:

Հարցին, թե ինչպես է բողոքող կողմը մեկնաբանում սպորտի նախարարության դիրքորոշումը, ըստ Արսեն Ավետիսյանի, նախարարությունը ֆինանսավորում է մարզաձեւը:

«Նախարարությունը մարզիկներին է ֆինանսավորում, այլ ոչ ֆեդերացիային։ Եթե չունենայինք պետբյուջեի գումարը, մեր ուժեղագույն մարզիկները չէին մասնակցի վարկանիշային միջազգային մրցաշարերի: Սպորտի նախարարությունը 3 անգամ փորձել է մեկ սեղանի շուրջ նստեցնել հակառակ կողմերին, բայց ապարդյուն են եղել: Հաշվի առելով նախաօլիմպիական տարին, նախարարությունը դեռեւս կտրուկ քայլերի չի գնում եւ չի կտրում ֆեդերացիայի ֆինանսավորումը»,- նշեց Արսեն Ավետիսյանը:

«Օլիմպիկ» ակումբի մարզիչ Վարդան Վարդանյանի խոսքով, իրենց պահանջը նախագահի ընտրություն անցկացնելն է սեղմ ժամանակում:

«Պետք է որքան հնարավոր է շուտ նոր նախագահի ընտրություն անցկացնել: Հորդորում ենք բոլոր մարզիչներին, քվեարկել մեր ներկայացրած թեկնածուի օգտին, ում շնորհիվ մեր մարզաձեւը կզարգանա»,- ասաց Վարդան Վարդանյանը:

«Դիմում ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, միջամտել թաեքվոնդոյում առկա այս իրավիճակին: Մեր խնդիրը բռնցքամարտի ֆեդերացիայի խնդրի հետ որեւէ նմանություն չունի: Բռնցքամարտի ֆեդերացիան օրինական գործունեություն է ծավալել, բայց մեր պարագայում ամեն ինչ անօրինական է»,- հավելեց Արսեն Ավետիսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում