15:05  ,  10 մարտի, 2019

Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թեւանյանի բոլոր գոտեմարտերը Նովի Սադում (ֆոտո)

Տեսանյութերում ներկայացված են Վազգեն Թեւանյանի չեմպիոնական ուղին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մարտի 9-ին գոտեմարտել էր վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ եւ հաղթել 2:1 հաշվով:

Վազգեն Թեւանյանը մարտի 8-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոտոսին Վազգեն Թեւանյանը Հռոմում դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ եւս 2 ներկայացուցիչ՝ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել:

Մարտի 9-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Ամենահաջողը հանդես էր եկել Խաչատուր Պապիկյանը, ով 2 հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:

Վազգեն Թեւանյան - Մաքսիմ Սակուլտան (Մոլդովա)՝ 2:1 (կիսաեզրափակիչ)

Վազգեն Թեւանյան - Սելիմ Կոզման (Թուրքիա)՝ 17:4 (1/4 եզրափակիչ)

Վազգեն Թեւանյան - Իլման Մուխտարովի (Ֆրանսիա)՝ 8:6 (1/8 եզրափակիչ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում