10:29  ,  9 մարտի, 2019

Աշոտ Վարդապետյան. Կառավարության որոշումը շախմատի դեմ արված հերթական քայլն է

Շախմատի տունը լուծարելու եւ մարզադպրոցի հետ միավորելու կառավարության որոշումը քաղաքական ենթատեքստ ունի՝ պայմանավորված ֆեդերացիայի նախագահի անձով:  Հայկական շախմատը վտանգված է ոչ պրոֆեսիոնալ որոշումների պատճառով: Որեւէ շախմատիստ չի մնա Հայաստանում, եթե իմանա` չսիրված է իր երկրում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար, |Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ Աշոտ Վարդապետյանը:

Կառավարության փետրվարի 28-ի որոշմամբ, Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն այլեւս չի լինելու: Կառավարությունը օպտիմալացման նպատակով որոշել է միավորել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» եւ «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները: Այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել շախմատիստների շրջանում: Որոշման համաձայն, այսուհետeu շախմատի տան շենքում գործելու է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Պարոն Վարդապետյան, շախմատի տան եւ մարզադպրոցի միավորումը բողոքի ալիք է բարձրացրել շախմատիստների շրջանում: Ի՞նչ մտավախություն ունեք:

Մեզ համար կառավարության այս որոշումը շախմատի դեմ արված հերթական քայլն է: 30 տարի առաջ, երբ Հայաստանն անկախացավ, հայկական սպորտը ծանր պայմաններում հայտնվեց, բազմաթիվ մարզադպրոցներ փակվեցին, բայց պահպանվեց շախմատը: Կարճ ժամանակում հայկական շախմատը մեծ նվաճումներ գրանցեց: Իսկ 1992 թվականի Համաշխարհային օլիմպիադայում մեր թիմի բրոնզե մեդալի նվաճումն ուղղակի հեքիաթ էր: Շախմատային այդ սերնդի շնորհիվ պահպանվեց մարզաձեւը, շախմատի տունը, դպրոցը, նոր սերունդն առաջ եկավ՝ տալով Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան եւ այլոց:

Ըստ Կառավարության  հիմնավորման, շախմատի տունը եւ մարզադպրոցը նույն գործառույթներն են կատարում: Զարմանալի է, որ Կառավարությունն այդպես է կարծում, քանի որ շախմատի տունը եւ մարզադպրոցը լրիվ տարբեր գործառույթներ իրականացնող կառույցներ են: Միակ միավորողն այն է, որ երկուսն էլ շախմատով են զբաղվում: Շախմատի տունն ու մարզադպրոցը միավորելը սխալ որոշում է։ Դա նույն է, ինչ երաժշտական դպրոցը եւ ֆիլհարմոնիային միացնեն. երկուսն էլ երաժշտությամբ են զբաղվում։

Շախմատի տունը շախմատի կենտրոնական օջախն է, որը պայմանագրով համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ: Շախմատի տան հիմնական գործառույթը եղել է շախմատային բարձր կարգի միջազգային մրցաշարեր, միջոցառումներ կազմակերպելը, Հայաստանի առաջնություններ անցկացնելը: Այս շենքում նաեւ մարզվում են մեր լավագույն շախմատիստները: Այս ամենից բացի, շախմատի տունը շախմատի սիրահարների, սիրողական խաղացողների վայր է, որտեղ օրվա ցանկացած ժամի գալիս են, խաղում, շախմատային քննարկումներ անցկացնում՝ առանց տարիքային սահմանափակման: Շախմատի տան դռները միշտ բաց է եղել հանրության, մարզաձեւի սիրահարների եւ պրոֆեսիոնալների համար: Այս պարագայում բերել մարզադպրոցի գործառույթը համեմատել շախմատի գործառույթի հետ, ամենասխալ որոշումն է:

Նշեցիք, որ շախմատի տունը ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագիր ունի:

Այո, ըստ պայմանագրի ֆեդերացիային իրավունք է տրվում շախմատի տունը նաեւ ծառայեցնել որպես ֆեդերացիայի նստավայր: Ես իմ կյանքն ապրել եմ այս շենքի հիմնադրման եւ գոյության հետ: Նախկինում, հիշում եմ, որ պետությունը մեծ աջակցություն էր ցուցաբերում շախմատի տանը՝ մարզագույք, գույք, ժամացույցներ, տեխնիկա էր պարբերաբար տրամադրում: Հիմա ես չեմ հիշում, թե վերջին անգամ պետությունը երբ է ինչ-որ գույք նվիրաբերել շախմատի տանը: Վերջին 20 տարիներին ֆեդերացիան է իր միջոցներով վերանորոգել շենքը, գույք տրամադրել: Ու եթե չլիներ ֆեդերացիան, շախմատի տունը չէր պահպանվի: Ի դեպ, 2020 թվականին պատրաստվում էինք մեծ շուքով նշել այս շենքի 50-ամյակը, որն ի դեպ պաշմամշակութային հուշարձանների շարքում է:

Կառավարության կողմից սա ուղղորդված քա՞յլ է, հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիայի նախագահը երկրի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է: 

Հստակ չեմ կարող ասել, որ ուղղորդված է. դրա մասին կարող են ասել միայն այն մարդիկ, ովքեր այդ որոշումն ընդունել են: Ուզենք, թե չուզենք, տպավորություն ստեղծվում է, որ ուղղորդված է՝ նաեւ հիմք ընդունելով շախմատի, շախմատային հասարակության, շախմատիստների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունից: Սա կարծես՝ մի շղթա լինի: Շախմատիստների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կտրուկ է, քանի որ մի քանի նմանատիպ որոշումներ ունենք, որոնք հաջորդում են իրար՝ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի անվան մարզադպրոցի պետական ֆինանսավորումը կտրելը, պետական հեռուստաալիքով տասնյակ տարիներ եթեր հեռարձակվող «Շախմատի աշխարհ» հաղորդման փակումը : Այս ամենն իր տեսակով դավադրություն է հայկական շախմատի դեմ:

Շախմատիստները եւ շախմատային հանրությունը քաղաքական ուղղորդվածություն ունեցե՞լ են:

Իմ տեղեկություններով շախմատիստների 90 տոկոսը քաղաքական ուղղորդվածություն չեն ունեցել: Որքան էլ նոր իշխանությունը Սերժ Սարգսյանի անձի հետ կապված խնդիր է տեսնում, չի կարելի չնշել, որ շախմատ մարզաձեւը Սերժ Սարգսյանի շնորհիվ մեծ ուժ է ստացել եւ անուն ձեռք բերել համաշխարհային ասպարեզում: Նոր իշխանությունը պետք է պահպանի այն լավը, որն արվել է նախորդ ղեկավարության օրոք, այլ ոչ թե անձով պայմանավորված վատաբանենք ու քանդենք:

Երբ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի անվան դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, մենք կորցրինք մեծ շախմատային ուժ: Մի կողմից այդ մարզադպրոցի սաները մնացին «անտեր», մյուս կողմից մարզիչները ստիպված լքեցին Հայաստանը: Օրինակ՝ Արման Փաշիկյանը, որը Հայաստանի 2019 թվականի չեմպիոնն է, այսօր գլխավորում է Ղազախստանի կանանց թիմը Աստանայում անցկացվող աշխարհի թիմային առաջնությունում, Գաբրիել Սարգսյանը պայմանագրով աշխատում է արտերկրում եւ այսպես կարելի է երկար թվել Հայաստանը տարբեր պատճառներով լքած մեր լավագույն շախմատիստներին ու մարզիչներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս