02:15  ,  8 մարտի, 2019

Ունաի Էմերի. Ոչ մի խնդիր չկա, որ Մխիթարյանը խաղաց աջ պաշտպանի դիրքում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, մեկնաբանելով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական «Ռենից» պարտությունը 1:3 հաշվով, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 41-րդ րոպեին «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հեռացումից հետո Մխիթարյանը հանդես էր եկել աջ պաշտպանի դիրքում:

«Կարմիր քարտից հետո, նախեւառաջ, ցանկանում էի պահպանել ֆուտբոլիստների դիրքերը, քանի որ երկրորդ խաղակեսում մեզ անհրաժեշտ էին թարմ խաղացողներ, որոնք կստեղծեին վտանգավոր պահեր: Երկրորդ խաղակեսում գոլային պահեր շատ չունեցանք, բայց կարծում եմ, որ Մխիթարյանը շատ լավ աշխատեց եւ ցուցադրեց լավ խաղ:

Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա, որ Մխիթարյանը, օրինակ, 40 կամ 50 րոպե հանդես եկավ աջ պաշտպանի դիրքում: Նա լավ խաղաց»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով