20:53  ,  5 մարտի, 2019

Անաստասիա Գալուստյան․ Չեմ ափսոսում, որ ընդունել եմ Հայաստանի հրավերը

Չեմ ափսոսում, որ ընդունել եմ Հայաստանի հրավերը, ասել է մոսկվացի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, որն այժմ մասնակցում է Կրասնոյարսկում անցկացվող Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերին։

«2009 թվականին ես դարձա Մոսկվայի պատանեկան չեմպիոն։ Հաջորդ տարի Ռուսաստանում չորրորդն էի, հետո՝ երրորդը։ Դրանից հետո իմ կարիերան Ռուսաստանում ավարտվեց։ Ինձ հրավիրեցին ներկայացնել Հայաստանը՝ ազգանուն եւ արմատներ կան, ինչո՞ւ չընդունել։ Դա մրցումների մասնակցելու հնարավորություն է։

Սկզբունքորեն, չեմ ափսոսում այդ որոշման համար, թեեւ այն կապված է որոշ դժվարությունների հետ։ Հայաստանի մարզական չափանիշով փոքր երկիր է, մրցավարների եւ մարզիկների պակաս կա։ Չունենք պարային եւ սպորտային զույգեր։ Երեւանում վերջերս լավ սահադաշտ են կառուցել, բայց փորձառու մարզիչների պակաս կա։

Տաղանդավոր երեխաների ի հայտ գալուն հետեւելու, գեղասահորդների շահերը ներկայացնելու համար մարդ չկա։ Հնարավոր է՝ եթե Հայաստանն ունենար իր մրցավարը, ավելի հեշտ լիներ։ Կարեւոր է, որ բոլոր մարզիկներին հավասար վերաբերմունք լինի»,- Անաստասիա Գալուստյանի խոսքը մեջբերում է matchtv-ն։

Հիշեցնենք, որ Անաստասիա Գալուստյանը 2017թ. հոկտեմբերին հայտարարել էր ժամանակավոր դադար վերցնելու մասին եւ կարիերան վերսկսեց 2018թ. հոկտեմբերին Մինսկում տեղի ունեցած մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում