18:31  ,  3 մարտի, 2019

«Ուրալի» նախկին ավագը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

«Ալաշկերտի» կազմը համալրել է Եկատերինբուրգի «Ուրալի» նախկին ավագ Ջերսոն Ասեւեդոն, հայտնում է ակումբի կայքը:

Նախորդ մրցաշրջանը չիլիացի կիսապաշտպանն անցկացրել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվայում»` 10 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:

30-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել «Ուրալում», որի կազմում անցկացրած 124 խաղերում դարձել է 21 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ: Ռուսական ակումբում նա խաղացել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանի, Դենիս Թումասյանի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի եւ Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովի հետ:

Ջերսոն Ասեւեդոն հանդես է եկել նաեւ Սարանսկի «Մորդովիայում», ղազախական «Կայրաթում» եւ չիլիական «Դեպորտեսում»:

2011-ին կիսապաշտպանը մեկ հանդիպում է անցկացրել Չիլիի ազգային հավաքականում, խաղացել է նաեւ այդ երկրի երիտասարդական հավաքականում:

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ալաշկերտին»: Ամեն ինչ լավ է: «Ալաշկերտում» խաղում են իմ նախկին խաղընկերներից Էդգար Մանուչարյանը եւ Դենիս Թումասյանը, որոնց ես շատ լավ ճանաչում եմ: Անցկացրեցի առաջին մարզումս: Մինչեւ այստեղ տեղափոխվելը մարզվում էի Չիլիում: Կիմ Առաքելյանը բանակցեց իմ գործակալի հետ եւ կողմերը համաձայնեցրին իմ տեղափոխությունը: Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու եվրոպական ակումբային մրցաշարերում հաջողությամբ հանդես գալն է: Ամեն ինչ կանեմ` նոր թիմիս օգնելու համար:

Այո, իմ նախկին թիմերում արդյունավետությամբ եմ աչքի ընկել: Կձգտեմ ռմբարկուական հատկանիշներս ցուցադրել նաեւ Հայաստանում: Բայց կարևորը թիմային հաջողությունն է»,- «Ալաշկերտի» նորեկի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով