18:24  ,  2 մարտի, 2019

«Տոտենհեմն» ու «Արսենալը» մեկական գոլ փոխանակեցին

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Տոտենհեմի» եւ «Արսենալի» մասնակցությամբ:

«Արսենալի» երեք անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց «Ուեմբլի» ստադիոնում: «Չելսիին» եւ «Բարնլիին» երկու անընդմեջ խաղերում պարտվելուց հետո «Տոտենհեմը» կարողացավ հասնել ոչ ոքի արդյունքի, թեեւ մինչեւ 74-րդ րոպեն պարտվում էր նվազագույն հաշվով: 16-րդ րոպեին աչքի էր ընկել հյուրերի ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին:

74-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ իրացրեց «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնը, թեեւ խախտումից առաջ անգլիացի հարձակվողը խաղից դուրս վիճակում էր:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

58-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ դեղին քարտ անգլիացի հարձակվող Հարի Քեյնի նկատմամբ խախտման համար: Իսկ վերջին րոպեին հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո «Տոտենհեմի» խաղացողը խախտեց կանոնները Պյեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ: Գաբոնցի հարձակվողը չկարողացավ արդյունավետ իրացրել 11 մետրանոցը: «Տոտենհեմին» փրկեց ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը:

«Տոտենհեմը» 61 միավորով երրորդ տեղում, «Արսենալը» չորրորդն է՝ 57:

Հաջորդ տուրում «Արսենալը» մարտի 10-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 74, 11մ - Աարոն Ռեմզի, 16

Չիրացրած 11մ՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), 90

Հեռացում ՝ Լուկաս Տորեյրա («Արսենալ»), 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում