17:03  ,  28 փետրվարի, 2019

Սպորտի փոխնախարար. ՀԱՕԿ-ը լիազորություն չունի՝ պահանջել կամ առավել եւս կտրել որեւէ ֆեդերացիայի ֆինանսավորում

ՀԱՕԿ-ը որեւէ իրավունք չունի նախարարության փոխարեն որոշումներ կայացնել: ՀԱՕԿ-ը լիազորություն չունի՝ պահանջել կամ առավել եւս կտրել որեւէ ֆեդերացիայի ֆինանսավորում: Նախարարությունն ինքը պետք է իր որոշումները կայացնի, իսկ նախարարությունը մեկ հոգի չէ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում որոշվել է Սպորտի նախարարության կողմից վերանայել եւ կասեցնել ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը, իսկ հավաքականների ուսումնամարզական գործընթացի ֆինանսավորումը եւ մարզիչների աշխատավարձերը հատուցել ոչ թե պետական բյուջեից, այլ ՀԱՕԿ-ի փոխհատուցումով:

Սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը նամակով դիմել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (ԱԻԲԱ)՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված խնդիրների վերաբերյալ: Նամակում մասնավորապես նշված է՝ հնարավոր նոր ընտրություններ անցկացնելու մասին, եթե նման նախաձեռնություն ունի ԱԻԲԱ-ն:

Պարոն Լոռեցյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Խնդրի լուծումը պետք է գտնվի իրավական ճանապարհով: Եթե ֆեդերացիայի նախագահն իր լիազորություններն անցել է, կամ ապօրինի ճանապարհով է ընտրվել, այդ ամենը նախ պետք է ապացուցվի փաստերով եւ օրենքով:

Մյուս կողմը պահանջում է նոր ընտրությունների անցկացում. նման հայտարարությամբ ոչ թե պետք է ՀԱՕԿ-ը հանդես գա, կամ նախարարությունը, այլ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ): Եթե անցկացման հարկ կա, միջազգային ֆեդերացիան պետք է օրը նշանակի եւ տրամադրի օրակարգը: Հենց այս հարցով ես նամակով դիմել եմ ԱԻԲԱ-ին, որտեղ հարցրել եմ, թե երբ է նախատեսվում անցկացնել ընտրությունները եւ ինչ օրակարգով:

Հաստատվա՞ծ է այն փաստը, որ ԱԻԲԱ-ն խախտումներ է հայտնաբերել 2018 թվականի օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում:

Իրականում, ես, որպես փոխնախարար, նման տեղեկություն չեմ ստացել առ այն, որ ԱԻԲԱ հայտնաբերել է խախտումներ ընտրություններում: Նամակ-դիմումումս խնդրել եմ նաեւ պատասխանել այդ տեղեկությանը եւ մանրամասնել ընտրությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները փաստերով:

ՀԱՕԿ-ի գործկոմը, բացի ՀԲՖ-ի անդամկցությունը սառեցնելուց, որոշում կայացրեց նաեւ նախարարության կողմից ֆեդերացիային պետական ֆինանսավորումից զրկելու մասին, որի փոխհատուցումը ստանձնում է ՀԱՕԿ-ը: Ի՞նչ իրավական հիմք ունի Հրաչյա Ռոստոմյանի կողմից ներկայացված այս պահանջը:

Այս որոշումը որեւէ իրավական հիմք չունի: ՀԱՕԿ-ը նմանատիպ լիազորություն չունի՝ պահանջել կամ առավել եւս կտրել որեւէ ֆեդերացիայի ֆինանսավորում: Հենց այս մասով ես ունեմ անհամաձայնություն, որ նման կարգի արագ ու հապշտապ որոշումներով խնդիր չեն լուծում, այլ՝ ավելի են խորացնում: Այսինքն՝ ֆինանսավորում կտրել մի ֆեդերացիայից, որը երրորդ ամենամեծ պետբյուջե ունեցող կառույցն է, զուտ նրա համար, որ տարաձայնություն կա ֆեդերացիայի նախագահի անձի հետ, ճիշտ չի: Եթե խնդիրը անձերի մեջ է, պետք է լուծման այլ ճանապարհ գտնել ոչ թե «աչքի տեղը, ունքն էլ հետը հանենք»:

Նախարարությունն իրավունք ունի՞ ֆինանսավորումից զրկելու որոշում կայացնել՝ առանց Կառավարության հետ համաձայնության գալու:

Կառավարությունը բյուջեն տրամադրում է նախարարությանը՝ ֆեդերացիաների միջեւ բաշխելու համար: Բաշխումն արդեն նախարարությունն է որոշում՝ ինչպես անել, այսինքն՝ տալ տվյալ ֆեդերացիային, թե չտալ: Բայց, փաստացի, չտալու համար պետք է հիմնավոր պատճառաբանումներ լինեն: Գործող բռնցքամարտի ֆեդերացիան՝ հայկական սպորտում երկար տարիներ գործունեություն ծավալած ֆեդերացիա է, միջազգային ֆեդերացիայի կողմից միակ ճանաչված ֆեդերացիան է: Այսինքն՝ պետբյուջեն կտրելու հիմքը պետք է լիարժեք պատճառաբանվի եւ հստակեցվի: Կամայական որոշումներ կայացնելը, չեմ կարծում, որ ճիշտ է:

ՀԱՕԿ-ը կարո՞ղ է միջամտել բռնցքամարտում տեղի ունեցող իրադարձություններին:

ՀԱՕԿ-ը հասարակական կազմակերպություն է, որը կարող է իր կարծիքը ունենալ, իր կարծիքը հայտնել: Ինքս այդ երեւույթին նորմալ եմ վերաբերվում, հաշվի առնելով այն փաստը, որ ՀԱՕԿ-ը սպորտի ոլորտում գործող մեծ կառույց է: Այս ամենին զուգահեռ՝ ՀԱՕԿ-ը որեւէ իրավունք չունի նախարարության փոխարեն որոշումներ կայացնել: Նախարարությունն ինքը պետք է իր որոշումները կայացնի: Իսկ նախարարությունը ոչ թե մեկ հոգի է, այլ բազմաթիվ մարդիկ, ովքեր խնդիրների վերաբերյալ պետք է փորձագիտական եզրակացություն տան, հետո նոր համընդհանուր որոշում կայացնեն:

Կառավարությունը եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է բռնցքամարտում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ես, ինքս, ամբողջությամբ իրավիճակին տիրապետում եմ, լիարժեք հասկանում եմ՝ ինչումն է խնդիրը, գիտեմ նաեւ, թե ինչ ակնկալիքներ ունեն կողմերը: Կառավարության դիրքորոշումը այս խնդրում այն է, որ պետք է իրավական, համակարգային լուծում տալ: Վարչապետն էլ բազմիցս նշել է, որ ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում լինի՝ անկախ նրանից, այդ մարդուն որեւէ մեկը սիրում է, թե չի սիրում:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրի մասին տեղյակ լինելուն, Գաբրիել Ղազարյանը պետք է իրավիճակի մասին զեկուցի, բայց չեմ կարծում, որ նա ամբողջությամբ զեկուցել է իրավիճակը, քանի որ վարչապետն այս օրերին Հայաստանում չէ: Ամեն դեպքում բոլորն էլ տեղյակ են, գիտեն, որ բռնցքամարտում այս իրավիճակն է:

ՀԲՖ-ն եւ ՀԱՕԿ-ը պարբերաբար առանձին քննարկումներ, հանդիպումներ են ունենում եւ կողմերն այդպես էլ մեկ սեղանի շուրջ չեն նստում:

Իմ կողմից նման առաջարկ եղել է՝ հանդիպում ունենալ: Ինչ-ինչ պատճառներով այդ հանդիպումը տեղի չունեցավ. Կողմերի պատրաստակամությունն այնպիսին չէր, որ երկկողմ հանդիպում տեղի ունենար: Ամեն դեպքում պետք է այս իրավիճակը որպես միջանձնային խնդիր դիտարկել, բայց ոչ թե անձերով լուծել խնդիրը, այլ համակարգային լուծում տալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս