12:33  ,  28 փետրվարի, 2019

Goal.com-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal.com-ի վարկածով ընգրկվել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Բորնմութի» դեմ նախօրեին կայացած տնային խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարձել էր գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «Արսենալին» հաղթել 5:1 հաշվով:

Goal.com-ի համաձայն՝ վերջին 4 տարում 30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 2 խաղերում անընդմեջ: 2015-ի փետրվարին լոնդոնյան ակումբի կազմում նման ցուցանիշ գրանցել էր իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան:

Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել նաեւ «Սաուհեմփթոնի» հետ նախորդ տուրի խաղում (2:0): Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում:

Goal.com-ը տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել է նաեւ Ալիսոն Բեքերին («Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին («Լիվերպուլ»), Դավիդ Լուիսին («Չելսի»), Վիրջիլ վան Դայկին («Լիվերպուլ»), Ալեքսանդր Զինչենկոյին («Մանչեսթեր Սիթի»), Մեսութ Օզիլին («Արսենալ»), Գիլֆի Սիգուրդսոնին («Էվերտոն»), Սադիո Մանեին («Լիվերպուլ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուիսին («Էվերտոն») եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով